շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024

Փոխվարչապետը և ԵՄ դեսպանը քննարկել են Արցախի շուրջ վերջին զարգացումները

Եվրամիության ու նրա անդամ երկրների հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնություններից է: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ այսօր ընդունելով Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։

Ավինյանի խոսքով՝ Եվրամիության հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսության սկսումը երկկողմ օրակարգի կարևոր կետերից է:

Փոխվարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Արցախի շուրջ իրավիճակի վերջին զարգացումները, Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Տիգրան Ավինյանը ներկայացրել է նաև գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն, նշելով, որ շուտով նոր զարգացումներ են սպասվում այս ուղղությամբ: Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին ադրբեջանական ագրեսիայի արդյունքում տեղահանված անձանց հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար, նշված է հաղորդագրությունում։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին: Տիգրան Ավինյանը նշել է, որ Կառավարությունը մտադիր է է՛լ ավելի մեծ թափով իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները: Մասնավորապես, քննարկվել են Հանրային կառավարման բարեփոխումների և թվայնացման շուրջ համագործակցության առկա վիճակն ու հետագա քայլերը:

Փոխվարչապետը խոսել է նաև Կառավարության կողմից մշակվող հակաճգնաժամային տնտեսական ծրագրի մասին: Ծրագրի հիմնական նպատակը լինելու է ճգնաժամի հետագա խորացումը կանխարգելելը, գործարարության համար և սպառողական հավասարակշռված վարքագծի տեսանկյունից տնտեսական կայուն և վստահելի միջավայրի վերականգնումը, հետագա տնտեսական վերականգնման ու զարգացման համար անհրաժեշտ բուֆերների ձևավորումը:

  • Կիսվել: