շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Փողոցներում իրենց կյանքը վտանգողներին և մեքենայի տակ պառկողներին ՔՊ-ն փոխարինել է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի սեղանների խինկալիների պոչերով. Իզաբելլա Աբգարյան

Փողոցներում իրենց կյանքը վտանգողներին և մեքենայի տակ պառկողներին ՔՊ-ն փոխարինել է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի սեղանների խինկալիների պոչերով. Իզաբելլա Աբգարյան

Դուք շատ մեծ սխալ եք անում, որովհետև դուք այստեղ ոչ թե քաղաքապետին եք վատություն անում և հեռացնում, այս որոշմամբ դուք հեռացնում եք երևանցիներին որոշում կայացնելու հնարավորությունից, Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

«Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ երևանցին նման հանրային պահանջ չի ձևակերպել», - հայտարարեց Իզաբելլա Աբգարյանը։

Հիշեցնենք՝ ավագանու արտահերթ նիստում քննարկվում է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը։

Նրա խոսքով՝ քաղաքապետին անստահություն հայտնելու մասին «Իմ քայլը» խմբակցության առաջ քաշած որևէ կետի հետ երևանցին համաձայնություն չի հայտնել, այլապես դուրս կգար փողոց և կասեր. «Հայկ Մարության, հեռացիր, եթե այլևս մեր սրտի վարչապետի հետ չես»։

«Երևանցին շատ հանգիստ տարավ այն լուրը, որ Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից է դուրս եկել։ Այսօր չունենալով որևէ հիմնավորում՝ փորձում եք մահապատժի ենթարկել մեկին։ Այսօր և այս օրերի ընթացքում այնքան քաջություն չունեք, որ ձեր մեղքի բաժինն ընդունեք՝ մեր նախընտրական ծրագրի չկատարված կետերի համար։ Կուսակցությունը քաղաքական պատասխանատվություն պետք է ունենա, որպեսզի մեկ անձի վրա չբարդի այն բոլոր խնդիրները, որոնց համար ինքն էլ է մեղավոր», - ասաց Աբգարյանը։

Նա հիշեցրեց, թե ինչպես էր Հայկ Մարությանը հորդորում, որ իմքայլականները ներկայանան ավագանու նիստերին, որպեսզի քվորում լինի և կարևոր նախագծեր քննարկեն, մինչդեռ, նրա խոսքով, մարդիկ համացանցից դուրս չէին գալիս՝ նիստերին ներկայանալու համար։

«Հայկ Մարությանը քաղաքական ուղուց չի շեղվել։ «Իմ քայլի» ուղուց շեղվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հետևողականորեն ազատվելով այն մարդկանցից, որոնք եղել են հեղափոխության շարժիչ ուժը։ Փողոցներում իրենց կյանքը վտանգողներին և մեքենայի տակ պառկողներին փոխարինել են այսօր Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի սեղանների խինկալիների պոչերով, որոնք հայտարարել են, որ հիմա էլ իրենք ՔՊ-ական են։ Դա՞ է քաղաքական գիծը։ Հայկ Մարությանն ընդամենը դարձել է անկուսակցական, նա չի լքել քաղաքը դժվար պահին։ Եկեք ուրանալուց և ապերախտ լինելուց չխոսենք, որովհետև ես այդ մասով ձեզ շատ բան ունեմ ասելու», - հայտարարեց Իզաբելլա Աբգարյանը։ 

  • Կիսվել: