Պիտի մեր գործընկերներին հայտնենք պանթյուրքիզմի նպատակի մասին և նրանց կոչ անենք միավորվել այդ գաղափարի դեմ. Թորոսյան
19-րդ դարից սկսած Թուրքիայի նպատակն է պանթյուրքիզմի գաղափարի իրականացումը: Այդ ճանապարհին նրանց գլխավոր խոչընդոտը Հայաստանն է, եւ, հետեւաբար, թուրքերը չեն դադարեցնի իրենց ագրեսիվ քաղաքականությունը հայ ժողովրդի եւ մեր պետականության դեմ, եւ մենք պետք է մեր գործընկերներին հայտնենք Թուրքիայի այդ նպատակն ու նրանց կոչ անենք միավորվել պանթյուրքիզմի գաղափարի դեմ: Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ժամի ընթացքում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Նա նշեց, որ մենք պետք է 1915-ի Ցեղասպանության հետ կապված հարցը բարձրացնենք, քանի որ մեր ողբերգական անցյալի մասին հիշողությունը կօգնի ապագայում հաջողության հասնել:
Թորոսյանն ընդգծեց, որ Բաքվում հայերի ջարդերը հայերի նկատմամբ Անկարայի եւ Բաքվի ցեղասպան քաղաքականության հերթական դրսեւորումն էին: Նրա խոսքով՝ Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում Նախիջեւանից արտաքսվեց հայկական բնակչությունը: Պատգամավորը նշեց, որ ցեղասպանության եւ էթնիկ զտումների արդյունքում հայերը գրեթե ամբողջությամբ լքեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքները, որտեղ նրանք ապրում էին: Պատգամավորն ասաց. «Դա նշանակում է, որ մենք պարտվել ենք, սակայն Ղարաբաղի ազատագրական պայքարի արդյունքում մենք սկսեցին հաղթանակներ տանել: Մենք իրավունք ունենք վերադարձնել մեր պատմական տարածքները: Երբ մենք միասնական ենք, մենք կարողանում ենք իրականացնել մեր երազանքները»:
Հիշեցնենք, որ այս տարի լրացավ Բաքվում հայկական ջարդերի 30րդ տարելիցը: