Պետությունը հայաստանյան իրականությունը պարբերաբար փոթորկող «որտեղ հաց՝ այնտեղ կաց» ասացվածքի նպատակակետն է. վարչապետ
Այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան տեսաուղերձում խոսել է Իրական Հայաստանի գաղափարախոսության մասին, որի երրորդ դրույթը ներկայացնելիս, մասնավորապես, ասել է, որ ժողովուրդը պետություն ստեղծում է՝ որպես բարեկեցության գործիք:
«Պետությունը հայաստանյան իրականությունը պարբերաբար փոթորկող «որտեղ հաց՝ այնտեղ կաց» ասացվածքի նպատակակետն է, այսինքն՝ այն տեղը, որտեղ կա հաց, որովհետև այն գործիքն է, որով ստեղծվում է հաց, ասել է թե՝ բարեկեցություն, և հետևաբար՝ այդտեղ պետք է մնալ: Պետությունը ժողովրդի բարեկեցության փնտրտուքի արգասիք է, բարեկեցությունը երջանկության հասնելու համար անհրաժեշտ պայման: Այս ընկալումը խորթ է եղել մեր իրականությանը, որովհետև դարեդար հայրենիք, պետություն, հաց հասկացությունները տարանջատված են եղել իրարից:
Հացը վաստակվել է ուրիշների կողմից ստեղծված և/կամ ուրիշ տեղերում գտնվող պետություններում, հայրենիքին վերապահելով մեկուսի, բայց նվիրական ավանդույթների ու արժեքների կոնսերվացման տեղի գործառույթ, հայրենիքի, պետության ու հացի միջև դեգերումները վերածելով հայերիս սոցիալ-հոգեբանության առանցքային բաղադրիչի:
Հաց, հայրենիք, պետություն հասկացությունների նույնացումը խնդիրներից «արտագաղթելու», այսինքն՝ հացի խնդիրն այլ տեղ լուծելու հայեցակարգը փոխարինում է խնդիրներին առերեսվելու և դրանք սեփական պետությունում և սեփական պետությունով լուծելու հայեցակարգով: Այս գործընթացում էական նշանակություն ունի բարեկեցության (անվտանգություն, ազատություն, արդարություն, կենցաղ, երջանկություն) ստանդարտի սահմանումը, դրա իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը՝ որպես ռազմավարություն որդեգրելը և պետությունը, որպես ռազմավարության իրագործման գործիքի և նշված ստանդարտի իրագործման տարածքի գիտակցումը: Այս համատեքստում կարևոր է արձանագրել, որ պետությունը սեփական բախտը որոշելու, ճակատագիրը կանխորոշելու լավագույն գործիքն է քաղաքացու և ժողովրդի համար, և մարդու լավագույն կյանքը հնարավոր է միայն իր պետության մեջ»:
Վարչապետի խոսքով՝մարդը բարձրագույն արժեք է: Սա նշանակում է, որ մարդու առաջնային կարիքները հոգալն առաջնահերթություն է:
«Հացի, փողի, հարստության, լավ ապրելու մասին խոսույթի ներառումը քաղաքական գաղափարախոսության մեջ անսովոր է մեր քաղաքական կյանքի համար և կարող է գնահատվել որպես «բարձր քաղաքականության» արժեզրկում: «Բարձր արժեքների վրա հիմնված քաղաքականությունները», սակայն, երբեմն տեսադաշտից բաց են թողնում արժեքներից բարձրագույնին՝ մարդուն, նրա ամենօրյա կենսական կարիքները, ապրելու և կյանքը վայելելու նրա բնական մղումը: Սույն գաղափարախոսության առանձնահատկությունը մարդուն և նրա կարիքներն առանցքում դնելու գործնական մոտեցումն է՝ այն ըմբռնմամբ, որ մարդու կարիքները հենց ինքը մարդը նախևառաջ պետք է հոգա և պետական քաղաքականություններն ուղղված պետք է լինեն մարդուն դրա համար անհրաժեշտ կրթությամբ, հմտություններով, կարողություններով, գիտելիքով օժտելուն, մարդու տաղանդը զարգացնելուն և դրա իրացման համար անհրաժեշտ հնարավորություններ ու միջավայր ձևավորելուն: Հոգևոր, մշակութային արժեքները նույնպես դիտարկվում են այս դիտանկյունից: Այդ արժեքներն ունեն ոչ թե երկնային նշանակություն, այլ մարդու կենսական կարիքների անբաժան մաս են, որովհետև մարդն ունի ինչպես նյութական, կենցաղային, այնպես էլ հոգևոր-մշակութային կարիքներ և արժեքներն արժեքավոր են այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են մարդուն մոտիվացնելու, ներդաշնակ դարձնելու, երջանկությունն ապահովելու համար: Այս իմաստով, կարևոր են մարդու ազգային և պետական ինքնությունը, ազգային և պետական արժեքները, որոնցից մի մասի հետ մարդն առնչվում է անմիջապես, մյուս մասը մարդու համար գոյություն ունի որպես գիտակցություն, որպես համոզմունք»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: