չորեքշաբթի, փետրվար 12
12 / 2 / 2025
Պետք չէ փրկիչներ փնտրել. Միրզոյանը՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի մասին

Պետք չէ փրկիչներ փնտրել. Միրզոյանը՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի մասին

ԱՄՆ-ի հետ համագործակցության ոլորտները բազմաթիվ են՝ սկսած տնտեսական համագործակցությունից, վերջացրած անվտանգության ու պաշտպանության ոլորտներում համագործակցությամբ, մեր ժողովրդավարական ինստիտուտներին աջակցությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրության հաստատմանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Իսկապես շատ հաջողված, բազմաոլորտ եւ լավ հեռանկարներ բացող փաստաթուղթ է: Բայց ես ուրիշ բանի եմ ուզում անդրադառնալ. Շատ հետաքրքիր մանիպուլյացիոն գործընթացներ եղան, որոնք մի քիչ սովոր աչքի համար տեսանելի են: Մի մասն ասաց՝ վերջ, փրկվանք: Ժողովուրդ ջան, չփրկվանք եւ պետք չի, ընդհանրապես, փրկիչներ ման գալ, ինչպես պետք չէր ժամանակին փրկիչներ ման գալ հյուսիսում, հիմա էլ պետք չի փրկիչներ ման գալ հյուսիսում, հարավում, արեւելքում ու արեւմուտքում: Եթե մենք փրկվելու ձեւ ունենք, մենք ինքներս պետք է այնպես անենք, որ եւ փրկվենք, եւ զարգանանք, ամրանանք: Մենք փրկիչներ չենք փնտրում, եւ այս փաստաթղթով էլ փրկիչներ չենք գտել:

Մենք տարիներ շարունակո ԱՄՆ-ի հետ ունեցել ենք համագործակցության մի ֆորմատ, որը կոչվել է ռազմավարական երկխոսություն: Մենք գարնանը հայտարարել էինք, որ որոշել ենք եւ աշխատելու ենք, որ մեր հարաբերությունները մտադիր ենք բարձրացնել մի մակարդակ ավել՝ ռազմավարական գործընկերության: Եվ ահա, մենք հունվարի 14-ին փաստաթուղթ ենք կնքել:

Մյուս խումբն ասում է՝ սա ռազմական դաշինք է, որ ընդհանրապես այդպես չի: Հավանաբար էն մտքով, որ հետո ասեն՝ տեսա՞ք, ռազմավարական դաշինքն էլ չաշխատեց, այստեղ էլ տարբեր պոչեր կարելի է գտնել:

Բայց ամենափայլունը այն մի խումբն էր, որ ասում էր՝ լավ է, վատ է, բայց մեզ սրա համար Թեհրանը և Մոսկվան պատժելու են։

Ես վերադարձել եմ Մոսկվայից, աշխատանքային այցով էի այնտեղ, իմ տեղակալը մեկ օր առաջ վերադարձել է Թեհրանից, մենք մեր մոսկովյան և թեհրանյան գործընկերների հետ շատ սերտ, կարելի է ասել ամենօրյա, ամենշաբաթյա կապի մեջ ենք, շատ հարցեր կոորդինացնում ենք և փոխըմբռնման գործընկերության մթնոլորտում աշխատում ենք»:

Միրզոյանի խոսքով՝ մեզ առաջնորդում է Հայաստանի Հանրապետության շահը և բացառապես Հայաստանի Հանրապետության շահը: «Մենք սուվերեն երկիր ենք և բոլոր երկրների հետ էլ ուզում ենք զարգացնենք մեր հարաբերությունները, մենք որոշում ենք՝ ում հետ ինչքան: Իսկ ում հետ էլ ունենք վատ հարաբերություններ, փորձում ենք կարգավորել: Մեր բոլոր ընկերները, որոնք հարգում են մեր ինքնիշխանությունը, թող նաև հարգալից մոտենան մեր այս դիրքորոշման նկատմամբ։

Սա իսկապես կարևոր փաստաթուղթ էր և այն որևէ կերպ անփայլ փաստաթուղթ անվանել հնարավոր չէ, եթե փորձում ես օբյեկտիվ գնահատել, ոչ էլ ավել: Այն ռազմական դաշինք անվանել էլ չի կարելի, այն ընդհանրապես պայմանագիր չի, կանոնադրություն է: Այնպես որ ճիշտ չափի մեջ նորմալ, ռացիոնալ, եկեք բալանսավորված, կշռադատված, դանդաղ քայլերով վստահ, բայց վստահ գնանք առաջ»,-ասաց նա:

  • Կիսվել: