Պետական կառավարման համակարգն այսօր կազմալուծված է. Մելքումյան
Պետական կառավարման համակարգն այսօր կազմալուծված է, այս պայմաններում, որ ասենք, որևէ մեկը գնում աշխատում է, դա աբսուրդ կլինի: Այս մասին Դեմիրճյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Պատգամավորի պոսքով՝ գործընթացը քաղաքական է, նրանք չեն պատրաստվում գնալ հակասահմանադրական ճանապարհով, կամաց քայլերով հասունանալու է հրաժարականի պահանջը:
«Բացի այդ, մենք ունենք պետական կառավարման համակարգ, որն ամենազրոյական արդյունավետությամբ էր աշխատում: Հայաստանում 3 տարիների ընթացքում ներդրումները կրճատվել են, ոչ մեկ չի ուզում ներդրում անել, որովհետև չկա մի օղակ, համակարգ, որ ասեն՝ Հայաստանը լավ երկիր է ներդրումների համար՝ ներդրում արա, եթե սկսում են ինչ-որ ծրագիր աջակցել, ասում են՝ ինչի՞ ես շահագրգռված դա անելու, այն բարեխիղճ աշխատողն էլ, որ շարունակում է աշխատել, ասում է՝ մի հատ քրեական գործ հարուցեք, ինչի՞ է շահագրգռված, որ այս ներդրումային ծրագիրը պետք է կատարվի, սա մեր պետական կառավարման համակարգի տիպիկ օրինակ է»:
Պատգամավորը նշեց, որ ընդդիմություն իր հետագա քայլերով պետք է ուժեղացնի հանրային ճնշումը, զուգահեռ մարզերում՝ տարբեր բնակավայրերում, գյուղերում շարունակվի հանրային ճնշման գործընթացը։
Հարցին, թե ինչո՞ւ ընդդիմության կողմից կոնկրետ քայլեր չեն արվում, Մելքումյանը նշեց, որ պետք է մի փոքր համբերել և արտահերթ ընտրություններ կլինեն, ընդգծելով, որ եթե արագ քայլեր անելը բերելու է հակադարձ ուժի կիրառման, դա նշանակում է, որ սխալվել ես:
«Բանակը մենակ Օնիկ Գասպարյանը չէ, ամբողջ շտաբը, կորպուսների հրամանատարներն ու հարյուրավոր հրամկազմը: Իր ուղերձի սկզբում նա հաստատեց, որ տեղի է ունեցել հակասահմանադրական գործընթաց և դիմել է վարչական դատարան: Հիշեցնեմ, որ առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն էլ է դիմել և նույնիսկ ազատման հրամանագրի պայմաններում, շարունակում է իր գործունեությունը: Այսօր երկրում ռեալ իշխանություն չկա, որովհետև եթե նման հզորագույն կառույցին չեն ենթարկվել, նշանակում է փոփոխություն է պետք, իսկ անիշխանության վիճակի շարունակումը հղի է մեր պետականության կորստի իրական վտանգներով»: