հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Պատվաստումը այս պահին անվտանգ և հասանելի լուծում է․ Անահիտ Ավանեսյան

Պատվաստումը այս պահին անվտանգ և հասանելի լուծում է․ Անահիտ Ավանեսյան

Պատվաստման գործընթացն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակում գրանցվում է, և այդտեղից ինֆորմացիան ավտոմատ կերպով արտահայտվելու է հավելվածով: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։ 

« Հստակ ուղեցույցը մեր կայքում կլինի այսօր կամ վաղը: Եվ ինչպես տեսնում ենք՝ որպես ճամփորդելու պայման, էլեկտրոնային այս նորամուծությունները շատ կարևոր դեր են խաղում»,- նշեց Ավանեսյանը:

Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով Վահրամ Դումանյանի հարցին, թե մեկ անգամ պատվաստվելուց հետո երբ է նախատեսվում հաջորդ պատվաստումը, որքան է դրա էֆեկտիվության ժամկետը, ասաց, որ այդ հարցին դեռ հստակ պատասխան չկա։

«Տարբեր պատվաստանյութերի ցուցումներում տարբեր ժամկետներ են նշված: Բայց մի բան հասկանալի է՝ մենք ունենք այս պահին հրատապ հարց լուծելու՝ դա առողջության, կյանքի հարց է, և գուցե մի քանի ամիսների ընթացքում ավելի շատ պատասխաններ կունենանք, թե արդյոք պետք է տարին մե՞կ, թե՞ այլ ժամկետներում պատվաստվել: Մի բան, սակայն, ակնհայտ է՝ պատվաստումը այս պահին անվտանգ և հասանելի լուծում է, որից պետք է միանշանակ օգտվենք»,- նշեց Ավանեսյանը:

 

Անդրադառնալով պատվաստանյութերի մասով հերթական շահարկմանը, թե Հայաստանը պատվաստանյութ է բերել, որի պիտանելիության ժամկետը լրանում է 1 ամսից, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ աշխարհում բոլոր հիվանդությունների դեմ պատվաստանյութերը ունեն պիտանելիության ժամկետ: Առավել ևս նոր թողարկված պատվաստանյութերը ունեն պիտանելիության կարճ ժամկետ:

«Մենք պետական միջոցներ ենք օգտագործում այդ պատվաստանյութերը բերելու համար: Պատկերացրեք, որ ստացվի իրավիճակ, որ ձեռք բերենք պատվաստանյութերը մեծ քանակով: Օրինակ՝ ՌԴ-ի հետ պայմանավորվածություն ունենք, որ 1 մլն դոզա պատվաստանյութ ենք ձեռք բերելու, նաև մյուս գործընկերներից:

Պատկերացրեք՝ բերենք այդ ամեն ինչը, պետական ահռելի միջոցները ծախսենք, ու վերջում պարզվի, որ մենք սկզբունքորեն չենք պատվաստվում: Կստացվի շատ վատ բան, կրկնակի, եռակի վատ էֆեկտ: Այնպես որ այդ շահարկումներին չպետք է ուշադրություն դարձնել: Ամեն ինչ ունի իր պիտանելիության ժամկետը: Բնականաբար, քաղաքացիները կպատվաստվեն միայն պիտանելիության ժամկետի մեջ գտնվող պատվաստանյութերով»,- նշեց Փաշինյանը:

 

  • Կիսվել: