Փաստաբանը ՍԴ նախագահի տան խուզարկության տեսանյութն է հրապարակել
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Թովմասյանի բնակարանի խուզարկության վերաբերյալ տեսանյութ։
Ըստ այդ տեսանյութի, Թովմասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը խուզարկության մասին արձանագրություն կազմող քննիչից պահանջում է ցույց տալ խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշումը, որպեսզի պարզ լինի՝ արդյոք դա օրինակա՞ն է, թե ոչ։ Սակայն քննիչը չի տրամադրում որոշում։
Ավելին, այդ գործընթացը լուսանկարող փաստաբան Մակինյանին հորդորում է դադարեցնել տեսանկարահանումը։
Նշենք, որ այսօր առավոտյան ՀՔԾ քննիչը խուզարկություն իրականացնելու համար այցելել էր Թովմասյանի բնակարան։ Փաստաբանները հայտարարել էին, որ համապատասխան որոշումներին քննիչները թույլ չեն տալիս ծանոթանալ։ Սակայն ՀՔԾ-ն հերքել էր այդ տեղեկությունը։
«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ քննիչի կողմից խուզարկությանը մասնակցող անձանց, այդ թվում` պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ծանոթանալ որոշմանը»,-իր հերթին տարածել էր ՀՔԾ-ն։