ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
«Փաստ». «Պետական գնումների կեսից ավելին այսօրվա իշխանությունները կատարում են մեկ անձից»

«Փաստ». «Պետական գնումների կեսից ավելին այսօրվա իշխանությունները կատարում են մեկ անձից»

«Փաստ» օրաթերթը գրում է. «2017 թվականի համեմատ մեկ անձից կատարվող պետական գնումները էապես աճել են: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշեց տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը: «Դրանք այն գնումներն են, որոնք խնդրահարույց են ոչ միայն իրենց իսկ հռչակած սկզբունքների ու ծրագրային մոտեցումների տեսանկյունից, այլեւ, ընդհանուր առմամբ, ռիսկերի տեսանկյունից»,- ասաց նա՝ հավելելով, որ գնումների այն ձեւը, որն օրենսդրությամբ թույլատրելի է բացառիկ դեպքերում, 2017 թ. համեմատ 2019-ին աճել է շուրջ 54 տոկոսով:

«Պետական գնումների կեսից ավելին այսօրվա իշխանությունները կատարում են մեկ անձից: Այս մասով դեռ 2020 թ.-ի ամփոփ թվերը չկան, բայց, բնականաբար, բացասական միտումն ավելի է խորացել, ու այդ առումով ավելի բարձր թիվ ենք ունենալու:

Ինքնին մեկ անձից կատարվող գնումները բարձր ռիսկային են, որովհետեւ մրցակցություն չկա: Եթե անգամ կոռուպցիոն ռիսկեր էլ չկան, ինչի վերաբերյալ, իհարկե, չեմ կարող համոզված լինել, մեկ անձից կատարվող գնումը շուկայական մրցակցային ու հիմնական ձեւը չէ:

Մեծ հաշվով, կարելի է ենթադրել, որ այստեղ առնվազն անարդյունավետ ծախսերի հիմքեր կան: Սրանց մասին է պետք մտածել: Փոխանակ անարդյունավետ պետական ծախսերը կրճատեն, կացինն առած՝ կրճատում են այն ծախսերը, որոնք, ելնելով օրվա իրավիճակից, օբյեկտիվ անհրաժեշտություն են»,- նշեց Թ. Ավետիսյանը»:

  • Կիսվել: