շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փաշինյանը պաշտպանության համար դիմել է Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանի փաստաբանական ընկերությանը

Փաշինյանը պաշտպանության համար դիմել է Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանի փաստաբանական ընկերությանը

Դատարանում Նիկոլ Փաշինյանի շահերը պաշտպանալու է «Am» փաստաբանական ընկերության ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Զարուհի Փոստանջյանին եւ պահանջում է զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել եւ պարտավորեցնել զրպարտության համար նախատեսված փոխհատուցում վճարել: Փաշինյանի դիմումի հիմքը Զարուհի Փոստանջյանի 2021 թվականի փետրվարի 8-ին «Հայելի» ակումբում հարցազրույցի ժամանակ արած հետեւյալ հայտարարությունն է․

«Նրա երազանքն է եղել. դեռ ինքը 2008 թվականին է գրել, որ այդ հողերը երազում էին ինքն ու տիկինը հանձնել: Այսինքն՝ այս մարդիկ դրա մասին գրել են, դրա ներքո հավաքագրվել են, դրա վերաբերյալ, այդ գործարքը անելու վերաբերյալ գումարներ են ստացել: Հետեւաբար, այս մարդկանց հետ ո՞ւր պետք է գնայի: Բայց ամենակարեւոր խնդիրը այն է, որ այս մարդկանց վերաբերյալ, նրանց գործակալ լինելու վերաբերյալ, այդ գաղտնիքը, նաեւ մատչելի է եղել նախորդ իշխանությանը: Հետեւաբար, այդ նախորդ իշխանությունը ինչո՞ւ է այս մարդուն բերել, մտցրել խորհրդարան»:

«Am» փաստաբանական գրասենյակը պատկանում է Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանին։ Մենք կապվեցինք Գրիգոր Մինասյանի հետ՝ հարցնելով, թե Փաշինյա՞նն է դիմել ընկերությանը՝ նկատի առնելով, որ Միքայել Մինասյանը Փաշինյանի ամենաոխերիմ քաղաքական ընդդիմախոսներից է:

Բնականաբար, իրենք են դիմել, և որևէ արգելք չի կարող հանդիսանալ, մենք ծառայություններ ենք մատուցում բազմաթիվ ընկերությունների, բազմաթիվ մարդկանց և պաշտոնատար անձանց և որևէ անձնական նկատառումներից չենք ելնում, եթե չկա կոնկրետ գործով վստահորդի հետ շահերի բախում, ծառայությունը մատուցում ենք»,- ասաց Մինասյանը։

Հարցրինք՝ իր համար տարօրինակ չէ՞, որ հենց իրենց կազմակերպությանն է դիմել վարչապետը:

«Ինձ համար շատ ուրախալի է, որ այսօր ամենակարևոր մասնագիտությունը փաստաբանի մասնագիտությունն է, քանի որ այսօր օրենքը, իրավունքը շատ կարևոր են, իսկ մարդիկ, որոնք զբաղեցնում են բարձր պետական պաշտոն կամ դիրք, դիմում են լավագույն ծառայություն մատուցող ընկերություններին։ Ես համարում եմ, որ մենք այդպիսին ենք, և ամենևին զարմանալի չէ, որ մեզ են դիմել»,- ասաց Գրիգոր Մինասյանը։

Նշենք, որ վերջին տարիներին Միքայել և Գրիգոր Մինասյանների հարաբերությունները լարված են, և Փաշինյանը, ըստ ամենայնի, հենց սա հաշվի առնելով է դիմել Միքայել Մինասյանի եղբոր ընկերությանը։

Հրապարակ․am

  • Կիսվել: