երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Փաշինյանը կոչ է անում առանձին վերցված խմբերի ձայները չշփոթել ժողովրդի ձայնի հետ

Փաշինյանը կոչ է անում առանձին վերցված խմբերի ձայները չշփոթել ժողովրդի ձայնի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առանձին վերցված խմբերի ձայները չշփոթել ժողովրդի ձայնի հետ: Այս մասին Փաշինյանն ասաց դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին, թե ինչու վարչապետը հրաժարական չի ներկայացնում՝ անսալով ժողովրդի կոչերին:

«Մենք մեր խնդիրները, մեր մանդատը ստանում ենք Հայատանի Հանրապետության ժողովրդից, և ՀՀ ժողովրդի տված մանդատն ու լիազորությունն է այն շրջանակը, որով պետք է Հայաստանի Հանրապետությունը ներկայացնենք մեր ունեցած կամ իմ ունեցած լիազորությունների շրջանակում: Մեր երկիրը բավականին բարդ իրավիճակում է, և մենք պետք է կոնսոլիդացնենք մեր ուժերը այդ բարդ իրավիճակը հաղթահարելու համար»,- հայտարարեց Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց՝ ժողովրդի անունից խոսելու հնարավորություն պետք է ունենա ժողովուրդը, և մեծագույն խնդիրն է այնպես անել, որ ժողովուրդը խոսելու և արտահայտվելու հնարավորություն ունենա, և առանձին վերցված խմբերի ձայները չշփոթվեն ժողովրդի ձայնի հետ:

Վարչապետը նշեց, որ իր և կառավարության մեծագույն անելիքը համարում է այնպես անելը, որ Հայաստանում ժողովրդի իշխանությունը որևէ վերնագրի ներքո վտանգի չենթարկվի:

  • Կիսվել: