«Ուժեղ Հայաստան»-ն արձագանքել է հանրաքվեի վերաբերյալ վարչապետի առաջարկին և հայտնել արտահերթ ընտրությունների գնալու պատրաստակամության մասին
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը արձագանքել է նոր Սահմանադրության հանրաքվեին աջակցելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին։ Տիգրան Աբրահամյանը կրկնել է ընդդիմության դիրքորոշումը, թե «Հայաստանում չպետք է Սահմանադրություն փոխվի Ադրբեջանի պահանջով»։ Նա միաժամանակ հայտնել է, որ իրենց քաղաքական ուժը պատրաստ է ցանկացած ժամանակ մասնակցել արտահերթ ընտրությունների։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նոյեմբերի 19-ի նիստում ընդդիմությանն առաջարկել էր գնալ նոր Սահմանադրության հանրաքվեի՝ հայտարարելով, որ ժողովրդի կողմից մերժման դեպքում հրաժարական կտա, իսկ ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին վարչապետի թեկնածու չի լինի։
Աբրահամյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ վարչապետի առաջարկի շուրջ իրենց խմբակցությունում քննարկումներ եղել են։
«Քննարկումներ եղել են մինչ այս, և մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանում Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով չպետք է փոխվի»,- ասել է նա։
Հարցին՝ արդյոք վարչապետի առաջարկը չընդունելով՝ ընդդիմությունը բաց չի թողնում նրան իշխանությունից հեռացնելու հնարավորությունը, Աբրահամյանը պատասխանել է, որ հետևողական են իրենց ներկայացրած ճանապարհային քարտեզին։ Նրա ներկայացմամբ՝ այն ներառում է ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ փողոցային պայքար։
«Ասել ենք, որ լինելու է փողոցային պայքար՝ մեկ անգամ և հաղթական»,- հայտարարել է նա՝ գործողությունների մեկնարկի ժամկետ չնշելով։
Անդրադառնալով հնարավոր արտահերթ ընտրություններին՝ Աբրահամյանը չի համաձայնել այն գնահատականին, որ դրանք կարող են ամրապնդել գործող իշխանության դիրքերը։
«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների ցանկացած ժամանակ, և վստահ ենք, որ նոր ընտրության պարագայում ընդդիմությունն էլ ավելի կամրապնդի իր դիրքերը»,- նշել է նա։



