Փաշինյանը այդ երեք միլիոնին հարցրե՞լ է, որ նախարարների աշխատավարձը բարձրացրել է. Շարմազանով
Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանում 3 մլն վարչապետ կա, հիմա այդ երեք միլիոնին հարցրե՞լ է, որ նախարարների աշխատավարձը բարձրացրել է: Նման հարց այսօր լրագրողների հետ զրույցում հնչեցրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` խոսելով նախարարների աշխատավարձերը 1.5-2 անգամ բարձրացնելու վարչապետի գաղտնի որոշումից:
«Սա խոսում է այն մասին, որ վարչապետը գործում է գաղտնի և նրա բոլոր պնդումները, թե ինքը թափանցիկ է, վերաբերում է միայն երևի խորովածի փառատոններին և գինի-փարթիներին: Սա մտահոգիչ է»,-ասաց նա:
Շարմազանովը նկատեց. «Այսօր տեսնում ենք, որ բոլոր նրանք, որոնք չեն «կզում» Նիկոլ Փաշինյանի իշխանության դիրեկտիվների տակ, դառնում են քաղաքական հետապնդման զոհ: Մենք գործ ունենք Հրայր Թովմասյանի, Ռոբերտ Քոչարյանի գործերի հետ: Երեկ էլ տեղեկացանք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է: Ես համոզված եմ, որ այս ձերբակալությունը «Հրայր Թովմասյան» օպերացիայի հերթական սերիան է: Սա բացահայտ հոգեբանական ճնշում է ՍԴ նախագահի վրա և շինծու է: Հատկապես, երեք փաստաբաններից մեկը նշեց, որ այն հոդվածը, որով Բաբայանը մեղադրվում է համաներման տակ է ընկնում»: