ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաշինյանն ընդգծել է ընտրությունների՝ նույնականացման քարտերով անցկացնելու կարևորությունը

Փաշինյանն ընդգծել է ընտրությունների՝ նույնականացման քարտերով անցկացնելու կարևորությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրական գործընթացներում որևէ տեսակի լարվածություն բացառելու համար կարևորում է, որ ընտրություններն անցկացվեն նույնականացման քարտերով՝ մաքսիմալ էլեկտրոնային ձևով:  Փաշինյանն այս հարցի մասին խոսեց Կառավարության նիստում:

«Քաղաքական առումով՝ մենք պետք է չմոռանանք մի խնդրի մասին, որն ունենք: Ընտրական գործընթացն, ի վերջո, պետք է տեղի ունենա անձը հաստատող մեկ միասնական փաստաթղթով, դա պետք է լինի նույնականացման քարտը: Ուզում եմ, որ մենք կենտրոնանանք այս խնդրի վրա»,-ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց՝ հիմա ընտրական մի քանի փաստաթուղթ կա՝ նույնականացման քարտ, անձնագիր, կենսաչափական անձնագիր: Այսպիսով, ըստ նրա, անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ, ընդ որում՝ ընտրական տեղամասում պետք է լինեն նաև քարտը կարդացող սարքեր, որոնք կլուծեն մանիպուլյացիայի հետ կապված բոլոր թեմաները: Վարչապետը, սակայն ընդգծեց՝ թեև, վերջին երկու ընտրություններում, որևէ նման խնդիր չի եղել:

«Սակայն, ամեն դեպքում, այս հարցում որևէ լարվածություն բացառելու միջոցն այն է, որ մենք ընտրություններն անցկացնենք նույնականացման քարտով, մաքսիմալ էլեկտրոնային ձևով: Այսինքն՝ մարդը գալիս, նույնականանում է, էլեկտրոնային համակարգը հաշվառում է նաև իր քվեարկած լինելը, որը և՛ տեսական առումով, և՛ գործնականում բացառում է այլ տեղամասում այդ մարդու քվեարկած լինելը: Սա կլուծի նաև ընտրացուցակների խնդիրը: ID քարտ կունենան միայն այն մարդիկ, որոնք ներկայացել են և ստացել են, և դրանով բոլոր հարցերը կփակվեն»,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: