հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Փաշինյանն ասաց՝ ափսոս էր էս 20 րոպեն. Քոչարյանը՝ նիստից իր ուշանալու մասին

Փաշինյանն ասաց՝ ափսոս էր էս 20 րոպեն. Քոչարյանը՝ նիստից իր ուշանալու մասին

Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նիստին իր ուշացմանն ու ընդմիջում հայտարարվելուն։ Նա նշեց, որ այդ տեխնիկական խնդիրը քարտուղարության աշխատակիցների թերացման պատճառով պետք է տեղի չունենար։

Լրագրողների հարցին՝ վարչապետ Փաշինյանն ի՞նչ է ասել իր ուշացման հետ կապված, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ասաց, որ ափսոս էր էս 20 րոպեն։ Ես էլ եմ կարծում, որ այդ 20 րոպեն ափսոս էր։ Քարտուղարության պարտականությունն է՝ տեղյակ պահել, որ հաջորդ ելույթը Դուք եք, բայց տեղյակ չի պահել»:

Նշենք, որ այսօր ԱԺ–ում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումն անակնկալ ընդմիջվեց 20 րոպեով, որովհետև դահլիճում չէր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որն այդ պահին պիտի զեկույցով հանդես գար։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն միանգամից հայտարարեց ընդմիջում։

Դահլիճում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ էր արձագանքել Անդրանիկ Քոչարյանի բացակայությանը։ Տեսանյութում երևում է, որ Անդրանիկ Քոչարյանը մեղայականով մոտենում է վարչապետին, սակայն վերջինս հանդիմանանքով է խոսում և լքում է դահլիճը՝ բոյկոտելով Անդրանիկ Քոչարյանի ելույթը։

  • Կիսվել: