կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փաշինյանին ձեռնտու չէ տեսնել այս մոբիլիզացիան, հանրային այս պահանջը. Տոնոյան

Փաշինյանին ձեռնտու չէ տեսնել այս մոբիլիզացիան, հանրային այս պահանջը. Տոնոյան

Մեկ օր ավել այս իշխանությունների պաշտոնավարումը իր հետ բերելու է վիթխարի վատ հետևանքներ: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ուղիղ եթերի ամանակ վարչապետն ամեն ինչից խոսում է, սակայն մինչ օրս չի ունեցել բավարար համարձակություն, որ պատասխանի Ադրբեջանի նախագահին:

Տոնոյանը, մասնավորապես, ընդգծեց. ՛՛Ես ցավ եմ ապրում, որ այսօր անձը, ով ներկայացնում է մեր պետությունը, դարձել է միջազգային մամուլի ծաղրուծանակի առարկա: Այն անձը, որի արժանապատվութունը, ինքնասիրությունը յուրաքանչյուր օր գետնին է հավասարեցվում միջազգային մամուլի, լրատվամիջոցների եթերում, այդ մարդը բարոյապես իրավունք չունի լինել ՀՀ-ի և Արցախի անվտանգության երաշխավորը՛՛:

Պատգամավորն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իր հրաժարականի համար պետք է ժողովրդի հավաստի կամարատահայտություն, որը հիմա չկա: Այս առնչությամբ Իվետա Տոնոյանն ասաց, որ ինքը վարչապետից այլ բան չէր էլ ակնկալում. ՛՛Նրան ձեռնտու չէ տեսնել այս մոբիլիզացիան, հանրային այս պահանջը: Այսօր առավել քան երբևէ մեր հասարակությունը համախմբված է, և այդ համախմբված օրակարգի թիվ մեկ հարցը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:

Եթե նրա հրաժարականը պահանջում են քաղաքական կուսակցությունները, մտավորականությունը, կրթական հաստատությունները, մայր բուհը, համայնքները, ի՞նչ է սա, եթե ոչ համազգային համաժողովրդավարական մոբիլիզացիա: Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է այս օրակարգը նսեմացնել, սակայն նա այս գործընթացում անհաջողության է մտնվելու՛՛:

  • Կիսվել: