Փաշինյանի հետ իմ տարաձայնությունները դարձան անհաղթահարելի. Վանեցյանը քննադատել է իշխող ուժին
Հայաստանում հնին վերադարձ չի լինելու, սակայն նա դեմ է երկրի գործող ու նախկին իշխանությունների միջև կոշտ սահմանազատմանը․ «Ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է» սկզբունքով: Այս մասին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է Ինտերֆաքսի հետ հարցազրույցում:
«Այսօրվա Հայաստանում ծայրահեղականություն չպետք է լինի: Քաղաքական դաշտում սևին ու սպիտակին այլընտրանք կա, քանի որ աշխարհը լի է գույներով, առավել ևս՝ երանգներով: Թավշյա հեղափոխության ժամանակ ու դրանից հետո մարդիկ արդարություն, կյանքի մակարդակի բարելավում, կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներում որակյալ ծառայություններ էին ուզում. «Խոստացան, սակայն չարեցին»,-ասել է Վանեցյանը:
Նրա խոսքերով, վերոնշյալ սկզբունքը գործող իշխանությունների համար ակնհայտորեն դարձել է կանոն, ինչն անթույլատրելի է իրավական պետություն կառուցելու, իշխանության ճյուղերի տարանջատման, քաղաքացիական հասարակության բալանսավորման տեսանկյունից:
Ըստ նրա` Հայաստանն այսօր իրեն սպառնացող սպառնալիքներին կարող է դիմակայել միայն լայն հասարակական կոնսոլիդացիայի շնորհիվ, սակայն երկիրը դրա փոխարեն ստացավ ներքին խրամատներ, սևի ու սպիտակի բաժանումներ, նորի ու հնի տարանջատում. «Ու այդ բաժանված կողմերն այսօր դաժան պայքար են մղում միմյանց դեմ՝ դա անելով ծայրաստիճան ատելության մթնոլորտում: Առանձին խոսակցության առարկա է այս ամենին ուժայինների մասնակցությունը»,-ասել է նա: