երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Պարզ չէ, թե ինչու է Ղազախստանի իշխանություններին անհրաժեշտ ՀԱՊԿ-ի օգնությունը․ ԱՄՆ պետքարտուղար

Պարզ չէ, թե ինչու է Ղազախստանի իշխանություններին անհրաժեշտ ՀԱՊԿ-ի օգնությունը․ ԱՄՆ պետքարտուղար

Միացյալ Նահանգները ձգտում է պարզել, թե ինչու են Ղազախստանի իշխանությունները երկրում անկարգությունները ճնշելու համար օգնություն խնդրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներից, ուրբաթ ասել է պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինքենը։

«Ղազախստանի իշխանություններն ունեն ամեն ինչ, որպեսզի ինքնուրույն կարգավորեն բողոքի ակցիաները: Հետևաբար, պարզ չէ, թե ինչո՛ւ է նրանց անհրաժեշտ դրսի օգնությունը»,- ասել է նա լրագրողներին՝ հավելելով, որ Վաշինգտոնը փորձում է ավելի շատ տեղեկություններ ստանալ այդ մասին, գրում է Interfax-ը:

ԱՄՆ պետքարտուղարը կրկնել է, որ ԱՄՆ-ը վերահսկելու է ՀԱՊԿ ուժերի գործողությունները, և հորդորել է չխախտել մարդու իրավունքները։

Չորեքշաբթի երեկոյան Ղազախստանի նախագահն օգնության խնդրանքով դիմել էր ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ երկրում «ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար»։ Արդեն հինգշաբթի գիշեր ՀԱՊԿ խորհուրդը որոշում է կայացրել խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)։

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Պաշտոնական տվյալներով՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ընդհանուր թիվը կազմում է մոտ 3600 մարդ։ 

 

  • Կիսվել: