Պարոն վարչապե՛տ, դու՛րս եկեք առանց ոստիկանների ու պատասխան տվեք, թե ինչ փաստաթուղթ եք ստորագրում. Կարին Տոնոյան
Պարոն վարչապե՛տ, դու՛րս եկեք առանց ոստիկանների ու պատասխան տվեք, թե ինչ փաստաթուղթ եք ստորագրում: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի հավաքի ընթացքում ասաց «5165» կուսակցության նախագահ Կարին Տոնոյանը։
«Այսօր ժամն է հնչեցնելու Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերը, որովհետեւ այսօր վտանգի տակ է ամենաթանկը՝ մեր հայրենիքը: Երեկ մենք պահանջում էինք բացել այն փաստաթուղթը, որը պատրաստվում են ստորագրել, այսօր մենք տեսանք, որ պաշտոնապես դիմեցին Ռուսաստանին, որ ռուսները միջնորդեն առանց նախապայմանների հաշտություն կնքվի թուրքերի հետ: Մեր հին ցավին մի նոր ցավ ու տագնապ առաջացավ. Էդ ի՞նչ առանց նախապայմանների, այդ ինչ պայմաններ եք մի կողմ դնելու: Ես չեմ պատրաստվում հրաժարվել որևէ կտոր հողից: Մեր հայրենիքի կորո՞ւստն եք արձանագրելու:
Այո, այսօր մենք կանգնած ենք այս հայրենիքը կորցնելու վտանգի առաջ, բայց չի նշանակում, որ այդ վտանգից պետք է կորցնենք մեր ամբողջ հայրենիքը կամ այս մի կտորը պահելու համար պետք է տանք ամբողջը, ինչպես իրենք են իրենց մտքերում արձանագրում: Չի կարող այդպիսի բան լինել՝ մարդն իր ձեռքը փրկելու համար ամբողջ մարմինը չի տալիս»,- ասաց Կ. Տոնոյանը:
Նա ընդգծեց, որ որևէ մի փաստաթուղթ որևէ իշխանավոր իրավունք չունի ստորագրելու, եթե ժողովուրդն իրեն չի տվել այդ իրավունքը:
«Սահմանադրությամբ մեր իրավունքն է՝ տարածքներին վերաբերող յուրաքանչյուր հարց պետք է հանրաքվեով անցնի: Ուրեմն բացեք այդ փաստաթուղթը: Այդ վարչապետը թող ոչ մի թուղթ մեր փոխարեն չստորագրի, թող այդ մեծ պատասխանատվությունը չվերցնի իր վրա: Մենք իրեն ազատում ենք այդ մեծ հոգսից: Թող այդ թուղթը մեզ ցույց տա, և մենք որոշենք՝ ստորագրենք, թե ոչ:
Մեր վարչապետ կոչվածին կոչ ենք անում՝ դուրս արի այստեղ: «Լայվի» հետևում մի թաքնվեք, դուրս եկեք ու առանց ոստիկանների կանգնեք ժողովրդի մեջ ու պատասխանեք մեր հարցերին: Միայն այդպես կարող ենք լսել ձեր պատասխանները, հակառակ դեպքում ձեր պատասխանները միայն ձեր սարքովի հարցերի, ֆեյքերի հարցերի համար է:
Այլևս չկա այդ միամիտ ժողովուրդը, ձեզ այլևս ոչ ոք չի հավատում այս երկրում»,- ասաց Կարին Տոնոյանը: