Պարոն Սարգսյանի որոշումների տրամաբանությանը հետևելը մի քիչ բարդ է. Անդրանիկ Քոչարյան
Դուք սխալ եք ընկալել նախագահի հայտարարությունը։ Նորից, որ ընթերցեք կտեսնեք, որ այդ ռիսկերը գոյություն չունեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` պատասխանելով հարցին, թե նախագահի հրաժարականի տեքստում ակնարկներ կան ապագայում ինչ-որ ռիսկային բաների մասին։
Քոչարյանի խոսքով՝ իշխանության համար նախագահի հրաժարականը սպասելի չէր․
«Նախագահը, երբ ուզեր կարող էր հրաժարական տալ։ Բայց հիմա պետք է ելնենք նրանից, որ նախագահը հրաժարական է տվել։ Բացատրությունը դուք պետք է ստանաք առայժմ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանից»,- ասաց պատգամավորը։
Ինչը կարող էր հրաժարականի պատճառ հանդիսանալ հարցին, Քոչարյանը պատասխանեց․
«Հայտարարության տեքստը պետք է ուշադիր կարդաք, այնտեղ նշել է խնդիրները պարոն Սարգսյանը։ Ես կարծում եմ սկսած ընտանեկանից, մինչև առողջական խնդիրներ կարող են դեր ունենալ իր հրաժարականում։ Սա առաջին անգամ չէ, սա 3-րդ անգամն է, պարոն Սարգսյանն այսպիսի առիթներ ունեցել է»։
Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց լրագրողներին, որ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև վարչապետի պաշտոնից, դեսպանի պաշտոնից և այսօր արդեն նախագահի պաշտոնից։
«Պարոն Սարգսյանի որոշումների տրամաբանությանը հետևելը մի քիչ բարդ է»,- նկատեց Քոչարյանը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք նախագահի նկատմամբ եղե՞լ են ճնշումներ՝ Քոչարյանը հարցով պատասխանեց. «Ինչպե՞ս եք պատկերացնում, ՀՀ նախագահի վրա ի՞նչ ճնշում»:
Ըստ Քոչարյանի՝ իշխանություններն ի գիտություն են ընդունել նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը: «Գուցե, բացատրություններ ինքը կտա հետագայում կամ այս ընթացքում: Այս պահի դրությամբ ես չեմ լսել»,-ասաց նա:
Ընդհանուր առմամբ այս տարիներին գնահատելով Արմեն Սարգսյանի գործունեությունը՝ Քոչարյանն ասաց. «Ես կարծում եմ, որ մեր երկիրն իր նախագահ եղած ժամանակահատվածում ունեցավ նաև խորը ճգնաժամեր, հիշում եք հետպատերազմյան շրջանը, պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, այն որոշումները, որ արագ պետք է կայացվեին ԶՈՒ կադրային տեղաշարժի և փոփոխությունների առումով, մենք այդտեղ ունեցել ենք շատ ռիսկային պահեր: Եվ այդ ռիսկերը հաղթահարել ենք մեր ժողովրդի և գործող իշխանությունների համբերատար, ճիշտ, հավասարակշռված որոշումների արդյունքում»,-նշեց Քոչարյանը: