ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Փարաքարի համայնքապետի երդմնակալությունը հետաձգվեց․ Դավիթ Մինասյանի հայտարարությունը

Փարաքարի համայնքապետի երդմնակալությունը հետաձգվեց․ Դավիթ Մինասյանի հայտարարությունը

«Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանի հայտարարություն  է  տարածել։

«Փարաքար համայնքի հարգելի բնակիչներ՜

Ինչպես գիտեք դեկտեմբերի 20-ին կայացած ավագանու առաջին նիստում ավագանու 21 անդամներից 11-ի ձայնով ես ընտրվել եմ Փարաքար համայնքի ղեկավար։

Ավագանու  «Ապրելու երկիր» կուսակցության  խմբակցությունը օրենքի խախտմամբ իրենց թեկնածուին ինքնահռչակել էր համայնքի ղեկավար՝  ավագանում լինելով փոքրամասնություն։

Նրանց անօրինական գործողությունների հետ կապված մենք դիմել ենք դատարան հարցին իրավական կարգավորում տալու նպատակով, որի մասին  « Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամները ծանուցված են։

Այսօր  ժամը 10:00-ին պետք է կայանար իմ երդմնակալության արարողությունը։

Հաշվի առնելով,   «Ապրելու երկիր» կուսակցության կողմից քաղաքական շահարկումները, միջհամայնքային լարվածություն հրահրելու գործողությունները, ես նպատակահարմար համարեցի ձեռնպահ մնալ երդմնակալության արարողության անցկացումից՝ տուրք չտալու համար « Ապրելու երկիր»  կուսակցության քաղաքական սադրանքներին, բացառելու համար որևէ բախման հնարավորություն՝  մեր բազմաբնակավայր համայնքի շրջանակներում և խնդիրը կարգավորել դատական կարգով։

 ՀՀ-ում արդարադատությունն իրականացվում է միայն դատարանի կողմից։

Վերահաստատում եմ, որ ես գործելու եմ միմիայն օրինականության սահմաններում, բացառում եմ, որ Փարաքարում համայնքային կառավարումը կդառնա քաղաքական ուժերի կողմից դիվիդենտներ վաստակելու գործիք»։

Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն իր հերթին հայտարարություն էր  տարածել էր, որ դեկտեմբերի 23-ին ժամը 12։00-ին Փարաքար համայնքի համայնքապետարանում տեղի է ունենալու Փարաքար համայնքի ընտրված նորընտիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի
երդման արարողությունը։

«Ապրելու երկիր»-ը հավաքել է 4637 , «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 2227, իսկ ՔՊ-ն՝ 2609 ձայն։  Այսինքն՝  որեւէ մեկը չուներ 50%+1  մեծամասնություն։

Այս պահին կրքերը թեժ են Փարաքարում։  Կան բերման ենթարկվածներ։

  • Կիսվել: