Ով է ամենաշատը ծախսել քարոզչության վրա․ հրապարակվել են քաղաքական ուժերի նախընտրական ծախսերը
Երևանի ՏԻՄ ընտրությունների մասնակից 14 քաղաքական ուժերը (13 կուսակցություն և կուսակցությունների 1 դաշինք) միասին նախընտրական քարոզչության համար ծախսել են 526 մլն 5 հազար 840 դրամ։ «Ընտրական օրենսգրքի» պահանջի համապատասխան՝ ընտրարշավի մասնակիցները բացել էին նախընտրական հիմնադրամներ, որոնց ֆինանսական մուտքերը և ելքերը վերահսկել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը։ Գրում է Factor.am-ը։
ԿԸՀ-ն հրապարակել է սեպտեմբերի 15-ի դրությամբ հիմնադրամներ մուտքերի և ելքերի մասին տեղեկանքը։
Ըստ այդմ՝ ամենաշատ ստացել ու ծախսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. հիմնադրամ մուտք է եղել 269 մլն 247 հազար դրամ, ելք՝ 263 մլն 192 հազար դրամ։ Իսկ ահա «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» միակն է, որի նախընտրական հիմնադրամ ոչ մի լումա մուտք և ելք չի եղել։
Մյուս քաղաքական ուժերի ֆինանսական մուտքերի ու ելքերի պատկերը (ըստ նվազման) հետևյալն է․
- «Ապրելու երկիր» կուսակցություն՝ մուտք 91 մլն 93 հազար դրամ, ելք՝ 87 մլն 926 հազար դրամ։
- «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ մուտք 48 մլն 609 հազար դրամ, ելք՝ 41 մլն 853 հազար դրամ։
- «Հանրապետություն» կուսակցություն՝ մուտք 32 մլն 672 հազար դրամ, ելք՝ 32 մլն 672 հազար դրամ։
- «Ուժը հայրենյաց» կուսակցություն՝ մուտք 32 մլն 400 հազար դրամ, ելք՝ 32 մլն 389 հազար դրամ։
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ մուտք 13 մլն 100 հազար դրամ, ելք՝ 12 մլն 256 հազար դրամ։
- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ մուտք 11 մլն 350 հազար դրամ, ելք՝ 11 մլն 303 հազար դրամ։
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ մուտք 10 մլն 432 հազար դրամ, ելք՝ 8 մլն 864 հազար դրամ։
- «Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ մուտք 6 մլն 400 հազար դրամ, ելք՝ 6 մլն 185 հազար դրամ։
- «Հանրային ձայն» կուսակցություն՝ մուտք 4 մլն 821 հազար դրամ, ելք՝ 4 մլն 250 հազար դրամ։
- «Արդար Հայաստան» կուսակցություն՝ մուտք 4 մլն 610 հազար դրամ, ելք՝ 4 մլն 104 հազար դրամ։
- «Հաղթանակ» կուսակցություն՝ մուտք 1 մլն 20 հազար դրամ, ելք՝ 998 հազար դրամ։
- «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն՝ մուտք 250 հազար դրամ, ելք՝ 230 հազար դրամ։
Հիշեցնենք, որ ընտրությունների մասնակիցները նախընտրական հիմնադրամների միջոցներով են կատարում նախընտրական քարոզչության նախապատրաստման, կազմակերպման և իրականացման հետ կապված ծախսերը։
Ի դեպ, եթե հիմնադրամներում գումար է մնում, ապա, ըստ օրենքի, ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ եռամսյա ժամկետում այդ միջոցները թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի հայեցողությամբ օգտագործվում են բարեգործական նպատակներով: Եռամսյա ժամկետը լրանալուց հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե: Սեպտեմբերի 16-ին լռության օր է, ընտրությունները տեղի կունենան վաղը՝ սեպտեմբերի 17-ին: