երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Զինյալ ահաբեկիչներով համալրված Ադրբեջանի ԶՈւ-ն ձեռնամուխ են եղել Արցախի խաղաղ բնակչության դեմ զանգվածային ոճրագործությունների իրականացմանը․ ԱԳՆ

Զինյալ ահաբեկիչներով համալրված Ադրբեջանի ԶՈւ-ն ձեռնամուխ են եղել Արցախի խաղաղ բնակչության դեմ զանգվածային ոճրագործությունների իրականացմանը․ ԱԳՆ

Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակել է հանցավոր կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը: Այս անգամ հարված է հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտին և Հադրութ քաղաքին, որի հետևանքով եղել են վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում: Օտարերկրյա զինյալ ահաբեկիչներով համալրված Ադրբեջանի զինված ուժերը, անկարող լինելով վեցօրյա մարտերի ընթացքում հասնել որևէ հաջողության մարտի դաշտում, ձեռնամուխ են եղել Արցախի խաղաղ բնակչության դեմ զանգվածային ոճրագործությունների իրականացմանը:
 
Հարձակումները մեծամասամբ իրականացվում են Թուրքիայի կողմից ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում Ադրբեջանին տրամադրված զինտեխնիկայի և սպառազինության օգտագործմամբ և թուրքական ռազմական մասնագետների համակարգմամբ:
Միաժամանակ, փորձելով արդարացնել Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում թույլ տրված միջազգային հումանիտար իրավունքի այս և այլ կոպիտ խախտումները` Ադրբեջանը ստահոդ լուրեր է տարածում իբր թե հայկական կողմից իր քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման վերաբերյալ:
 
Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է ադրբեջանա-թուրքական դաշինքի այս հանցագործությունը և վերահաստատում իր վճռականությունն Արցախի իշխանությունների հետ համատեղ բոլոր միջոցներով չեզոքացնելու Արցախի ժողովրդին ուղղված գոյութենական ցանկացած սպառնալիք:

  • Կիսվել: