Քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Հանրապետության հրապարակի համալիրում գտնվող Կառավարական երկրորդ տան՝ Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծը։
Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։
Կառույցի նախագիծն իրականացնող կազմակերպությունը բրիտանական ճարտարապետական, քաղաքաշինական և դիզայներական Foster+Partners ընկերությունն է։
Ողջունելով խորհրդի անդամներին և նիստի մասնակիցներին՝ նախարարը նշել է, որ նախագիծը Գիտամեթոդական խորհրդի քննարկմանն է ներկայացվում արդեն երրորդ անգամ։ Նախորդ քննարկումների ընթացքում ներկայացվել են մասնագիտական մի շարք դիտարկումներ և առաջարկներ, որոնց հիման վրա նախագիծը լրամշակվել և կրկին ներկայացվել է խորհրդի քննարկմանը։
«Հուսով եմ՝ լրամշակված առաջարկը թույլ կտա իրականում վերակենդանացնել հրապարակի այս տարածքը՝ հաշվի առնելով երկարատև քննարկումներն ու համատեղ աշխատանքը։ Շատ կարևոր խնդիր է վերականգնել հրապարակի կենսունակությունը, այդ տարածքը վերադարձնել հանրությանը և կրկին ակտիվ շրջանառության մեջ դնել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարն ընդգծել է, որ ի սկզբանե նախագծի առանցքային նպատակներից են եղել տարածքի հասանելիության մեծացումը, դեպի հարակից փողոց նոր անցման ապահովումը և լրացուցիչ հանրային տարածքների ստեղծումը։ Նրա խոսքով՝ այս լուծումները կարող են նպաստել Երևանի կենտրոնական հատվածում հետիոտնային շարժի և անցուդարձի բարելավմանը, ինչպես նաև Հանրապետության հրապարակի ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնմանը։
Ժաննա Անդրեասյանն ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը կարևորել է նաև Հանրապետության հրապարակի զարգացմանն ուղղված մյուս նախաձեռնությունների համատեքստում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանից դեպի Հայաստանի պատմության թանգարան ստորգետնյա անցում ստեղծելու գաղափարին։
«Եթե կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել և ԱԳՆ նախկին շենքի մասով աշխատանքներին զուգահեռ իրականացնել նաև այս նախագիծը, ապա, ըստ էության, հրապարակին երկրորդ շունչ կտանք՝ ամբողջական լուծման տրամաբանությամբ»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ կարևորելով նախագծի շուրջ կառուցողական մասնագիտական քննարկումը։
Նախարարը կարևորել է նաև նախագծերի շուրջ մասնագիտական համայնքի և գործընկեր կառույցների համատեղ աշխատանքը՝ ընդգծելով, որ խոշոր քաղաքաշինական և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ընթացքում անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծումներ, որոնք հաշվի կառնեն ինչպես մասնագիտական դիտարկումները, այնպես էլ հանրային տարածքների զարգացման և արդյունավետ օգտագործման պահանջները։
Այս համատեքստում նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ թիմում ընդգրկվել են տեղացի ճարտարապետներ, իսկ աշխատանքներն իրականացվել են պատմական արժեքների գույքագրմամբ։ Նրա դիտարկմամբ՝ համատեղ աշխատանքը, այդ թվում՝ Գիտամեթոդական խորհրդի մասնագիտական դիտարկումների ներառմամբ, պետք է գնահատել որպես արդյունավետ համագործակցություն։
Նախագծի հեղինակ Նայլ Դեմփսին ներկայացրել է լրամշակված նախագիծը և նախորդ քննարկումների ընթացքում հնչած դիտողությունների հիման վրա կատարված փոփոխությունները։ Նրա խոսքով՝ նախագծի հիմքում դրվել է շենքը քաղաքի հետ կապելու գաղափարը՝ մշակույթը, արվեստը, ձեռարվեստն ու ժամանցը դարձնելով շենքի բովանդակության մաս։
«Նախագծի առանցքում հուշարձան շենքի պատմական արժեքների բացահայտումն ու պահպանումն է։ Մենք ցանկացել ենք ընդգծել, որ ժառանգությունը և առաջընթացը չեն հակասում իրար։ Մեզ համար մարտահրավերային էր պատմության և ժամանակակից լուծումների միավորումը»,- ասել է հեղինակը։
Քննարկման ընթացքում Գիտամեթոդական խորհրդի անդամները հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։ Դրանք հիմնականում վերաբերել են հրապարակի ընդհանուր ճարտարապետական լուծումները նախագծին համապատասխանեցմանը, ընտրված նյութերին, ավելացվող հատվածների ծավալատարածական լուծումներին և այլ հարցերի։



