կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Որոշումների առանցքում ՀՀ-ի արժանապատվության հարցն է․ Հայրապետյանը՝ ռուսական ալիքները մուլտիպլեքսից հանելու մասին

Որոշումների առանցքում ՀՀ-ի արժանապատվության հարցն է․ Հայրապետյանը՝ ռուսական ալիքները մուլտիպլեքսից հանելու մասին

Առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ միջպետական համաձայնագիրը, որի ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է լուծումների վերաբերյալ իր առաջարկները: Այս մասին այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների գործունեությանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից՝ ապահովել համապատասխան բովանդակությամբ հեռուստակոնտենտ, որը չի ենթադրի ՀՀ-ի ներքին գործերին միջամտություն, վիրավորանք ՀՀ խորհրդանիշերի, պետության նկատմամբ, ինչպես նաև ՀՀ ժողովրդի հույզերի ու արժանապատվության նկատմամբ՛՛:

Լրագրողների դիտարկմանը, որ արդեն իսկ նման մի քննարկում եղել է, որից հետո հայտարարվեց, որ Երեւանը չի ներկայացրել փաստեր, նախարարն ասաց. ՛՛Ճիշտ եք, խոսքը դեկտեմբերյան խորհրդակցությունների մասին է: Պետք է ասեմ, որ այն լուծումները, որոնք հայկական կողմի առաջարկների փաթեթում ներառված են, ենթադրում են նաև նախկինում արված փորձերը, որոնց արդյունքում ոչ միայն որեւէ փոփոխություն բովանակության առումով չի եղել, այլեւ վերջին շրջանում նմանօրինակ հաղորդումների հաճախականությունը պարբերաբար է դարձել։

Սա նշանակում է, որ համաձայնագրում տեղ գտած գործիքները, որոնք ներդրվել են իբրև վերահսկողություն կամ նմանօրինակ հաղորդումների կանխում, ըստ էության, չեն աշխատում։ Եվ սա նաև հաշվի առնելով՝ հայկական կողմը ձևակերպել է իր պատկերացումները լուծումների վերաբերյալ: Եթե դրանք աշխատեին, ձեր հարցը հնչեցնելու կարիք չէր լինի: մենք սա գիտակցում ենք, եւ մեր ռուս գործընկերների հետ աշխատանքներում մենք սա նկատի ենք ունենում և իբրև փաստարկ մենք ներկայացնելու ենք՛՛:

Խոսելով այն մասին, թե կա՞ն ժամկետներ, թե երբ են այդ բանակցությունները սկսվելու, նախարարը պատասխանեց. ՛՛Այո, կոնկրետ օր կա, բայց ես հիմա այն չեմ հնչեցնի՛՛։

Դիտարկմանը՝ այդ բանակցություններում լինելո՞ւ է արդյոք այդ հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հանելու հարցը՝ Հայրապետյանը պատասխանեց. ՛՛Պոլիտկոռեկտությունից ելնելով՝ ես մեր առաջարկների եւ լուծումների վերաբերյալ մանրամասներից զերծ կմնամ։ Միայն կարող եմ վստահեցնել, որ յուրաքանչյուր որոշում կամ դիրքորոշում, որ որդեգրում է ԲՏԱ նախարարությունը, առանցքում հայ ժողովրդի և ՀՀ-ի արժանապատվության հարցն է ներդրված՛՛:

  • Կիսվել: