հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Որոշ մարդիկ շփոթում են քաղաքավարության կանոնները քծնանքի հետ. Հրայր Թովմասյան

Որոշ մարդիկ շփոթում են քաղաքավարության կանոնները քծնանքի հետ. Հրայր Թովմասյան

Որոշ մարդիկ շփոթում են քաղաքավարության կանոնները քծնանքի հետ: Չի կարող գրիչը դառնալ քաղաքական օրակարգի թիվ 1 հարց: Այստեղ երևույթների ընկալման տարբերություն կա՝ որտեղ է քաղաքավարությունը, որտեղ է քծնանքը: Եթե շնորհակալությունը դիտարկում ենք քծնանք, ուրեմն եկեք այդպես պայմանավորվենք: Այս մասին այսօր «Պրեսինգ» հաղորդման ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

Թովմասյանը, մասնավորապես, նշեց. «Չի կարող գրիչը դառնալ քաղաքական օրակարգի թիվ 1 հարց: Ես ներողություն եմ խնդրում և չեմ ուզում դրա մասին ընդհանրապես խոսել: Ես հորդորում եմ բոլոր մարդկանց, պետական այրերին ձեռնպահ մնալ այդ հարցի շուրջ քննարկումներից, որովհետև առաջին հերթին արժեզրկվում են այդ ինստիտուտները: Ամեն ինչ եղել է տեսախցիկների առջև, և եթե կողքդ նստած է գործընկեր, որի գրիչը չի գրում կամ կորում է, դու իրեն ես փոխանցում քո գրիչը, եթե սա պետք է դիտարկել որպես քծնանք, ապա համարեք, որ ես այս երկրի վերջին քծնողն եմ: Եթե դա համարեք քաղաքավարական ժեստ, ես ընդունեմ դա քաղաքավարական ժեստ է, բայց, խնդրում եմ, այս դիսկուրսը փակեք»:

Նա բոլորին հորդորեց վերջ տալ գրիչի հայտնի պատմությանը:

Ըստ ՍԴ նախագահի՝ երկրի առջև ծառացած խնդիրները, տարածաշրջանային մարտահրավերները, մեզ սպասող խնդիրները շատ ավելի կարևոր են, քան երկրի ամբողջ քաղաքական, հասարակական շերտը «նստի և քննարկի՝ ինչ եղավ, երբ մի գրիչը ՍԴ նախագահը փոխանցեց վարչապետին»:

Ճշտող հարցին, թե, ի վերջո, որքա՞ն արժեր այդ գրիչը, Թովմասյանն ասաց, որ ամաչում է անգամ այդ մասին խոսել և անգամ մոռացել էր, որ գրիչ է տվել վարչապետին։ «Հիշում եմ մի դեպք, որ նախարար էի, ԱԺ-ում պատգամավորներից մեկն ասաց՝ «փողկապդ լավն է», հանեցի, իրեն նվիրեցի։ Հիշում եմ, որ աշխատասենյակումս մի շախմատ կար, ընկերներիցս մեկն ասաց՝ «ինչ լավն ա», նվիրեցի։ Սիրում եմ նվերներ տալ, չեմ ժխտի՝ սիրում եմ նաև ստանալ, բայց ես նույնիսկ դա նվեր չեմ համարի», - ասաց Թովմասյանը։

Հարցին, թե նա Նիկոլ Փաշինյանին ասե՞լ է, որ «իջևանցու փեսա» է, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ եղած ժամանակ նման արտահայտություն չի արել:

Նա նշեց. «Ես ասել եմ Նիկոլ Փաշինյանին, երբ 2017 թ.-ին խորհրդարանական ընտրություններից հետո բոլոր խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները այցելել էին Արցախ, երբ վայելում էինք Արցախի խորովածը, եղավ խոսակցություն, որ Արցախում խոզի միսն առանց կաշին հանելու են օգտագործում, ես ասացի, որ այդպես է նաև Իջևանում, ինքը հարցրեց՝ իսկ դու ի՞նչ գիտես՝ Իջևանում ոնց է, ես ասացի, որ իջևանցու փեսա եմ: Ես դրա մասին ասել եմ այնտեղ, կան վկաներ»:

 

  • Կիսվել: