շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել, որ ես չեմ միացել Սահմանադրության փոփոխությունների նախագծի հեղինակներին. Վլադիմիր Վարդանյան

Որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել, որ ես չեմ միացել Սահմանադրության փոփոխությունների նախագծի հեղինակներին. Վլադիմիր Վարդանյան

Եթե նախագծի հեղինակը հայտնաբերում է որևէ խնդիր, որը կարող է հետագայում խնդիրներ ստեղծել, պարտավորություն է կրում շտկել այդ սխալները, այսօր ԱԺ արտահերթ նիստը հետաձգվելու մասին հայտարարությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Ըստ իշխանական պատգամավորի, դա նորմալ ընթացակարգ է: «Դրանք կարող են լինել տեխնիկական սխալներ, որոնք հեղինակը նկատում է և հետ կանչելով փորձում է շտկել դրանք», -ասաց Վարդանյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ինքը չի ստորագրել ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխությունների նախագիծը, այն դեպքում, երբ «Իմ քայլի» 37 պատգամավորներ համահեղինակել են դրանք: Ի պատասխան Վարդանյանն ասաց, որ ինքը ֆիզիկապես Հայաստանի Հանրապետությունում չի գտնվել և չի կարողացել ստորագրել նախագիծը ու հավելեց. «Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է նման քննարկում ծավալվում՝ ինչու են ստորագրել, ինչու չեն ստորագրել: ԱԺ պատգամավորը իրավունք ունի միանալ կամ չմիանալ այս կամ այն նախագծին: Ազգային ժողովի մեկ քառորդը իրավունք ունի նման նախագիծ ներկայացնել, այդպես էլ եղել է: Որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգայի ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ԱԺ արտահերթ նիստը հետաձգվում է՝ օրակարգում ընդգրկված նախագծերում որոշ տեխնիկական շտկումներ կատարելու համար: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության միջնորդությամբ կհրավիրվի ԱԺ խորհրդի արտահերթ նիստ՝ ներկայացած նոր նախագծերը հաստատելու և ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար:

Հիշեցնենք՝ ԱԺ արտահերթ նիստում ընդգրկվել էին Իմ քայլի պատգամավոր Վահագն Հովակիմյանի նախաձեռնած փոփոխությունները «Ազգային ժողովի կանոնակարգ» «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում: Բացի այդ, նույն խմբակցության 37 պատգամավորներ ներկայացրել էին փոփոխություններ ՀՀ Սահմանադրության մեջ, որով առաջարկում են ՍԴ նախագահի և ՍԴ վեց դատավորներին պաշտոնանկ անել:

  • Կիսվել: