Օլսոնն Ալիևի հետ հանդիպմանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վաղ ստորագրմանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնին, հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ հանդիպման ժամանակ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների շուրջ։
Ալիևն ասել է, որ ՛՛հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը՛՛ և այդ կապակցությամբ առաջարկել է 5 սկզբունք, որոնք խաղաղության պայմանագրի հիմքն են լինելու։
Իր հերթին Օլսոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վաղ ստորագրմանը։ Այս համատեքստում հատկապես նշվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի դերը։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև տարածաշրջանային խնդիրների, Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ քաղաքական հարաբերությունների, այդ թվում՝ էներգետիկայի, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցերի շուրջ։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջան մեկնելուց առաջ Օլսոնը երկօրյա այցով Հայաստանում էր, որտեղ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: