երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ոչ մի բայց և ոչ մի եթե, ռազմագերիները պետք է վերադարձվեն. Վարդանյանը ներկայացրեց ընկալումները ԵԽԽՎ-ում

Ոչ մի բայց և ոչ մի եթե, ռազմագերիները պետք է վերադարձվեն. Վարդանյանը ներկայացրեց ընկալումները ԵԽԽՎ-ում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 20-ի նիստում և նիստից դուրս Հայաստանի պատվիրակության անդամների հետ զրույցներում տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչները շեշտել են, որ հայ ռազմագերիները պետք է հայրենադարձվեն՝ հնարավորինս արագ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԵԽԽՎ աշխատանքներից մանրամասներ հայտնեց Հայաստանի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

«Գրեթե բոլորը (բացի Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակություններից) հստակ ասում էին մեկ բան, որն առավել լավ էր բնորոշել Ավստրիայի պատվիրակության ներկայացուցիչ և Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շենեխը. «ոչ մի բայց և ոչ մի եթե, ռազմագերիները պետք է հայրենադարձվեն»: Սա է այն մոտեցումը, որով հակիրճ կարելի է բնութագրելով ԵԽ-ի և մասնավորապես ԵԽԽՎ-ի կարծիքը, տեսակետը հարցի վերաբերյալ»,-ասաց Վարդանյանը:

Հայաստանի պատվիրակության անդամները նաև առանձնազրույցներ են ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ, որոնցում ևս նրանք նաև ընդգծել են այս հարցի կարևորությունը: «Ընդգծում են, որ այստեղ չկա երկրորդ կարծիք, չկա որևիցե պատգամավոր, որը պնդի, թե սա Ադրբեջանի ներքին գործն է կամ քաղաքական հարց է, որը չպետք է քննարկվի ԵԽԽՎ-ում: Բոլորը միահամուռ կերպով ասում են՝ այո ռազմագերիները պետք է հայրենադարձվեն, և դա պետք է արվի արագ….»,-ասաց պատգամավորը:

Վարդանյանը նաև շեշտեց. «Այս քննարկումները ստեղծում են շատ լավ իրավաքաղաքական հիմնապաստառ՝ հայանպաստ դիրքորոշումը տարբեր կազմակերպություններում ավելի ամրապնդելու, երկկողմ բանակցություններում ավելի խորքային դարձնելու համար: Չի լինելու որևէ կառույց, կազմակերպություն, անձ, որն ասելու է ինչ-որ բան և դրանից հետո էական փոփոխություն է տեղի ունենալու իրավիճակում, բայց յուրաքանչյուր խոսք, բառ, փաստաթուղթ կաթիլ-կաթիլ ավելացնում է այն ճնշումը, որը վաղ թե ուշ կստիպի Ադրբեջանին վերադառնալ նորմալ կոնստրուկտիվ հուն և օր առաջ վերադարձնել հայ ռազմագերիներին»:

Անդրադառնալով Զանգեզուրի մասին Ալիևի հայտարարություններին՝ Վարդանյանը շեշտեց. «Հուսամ, որ այս հայտարարությունն առավելապես ներքաղաքական սպառման համար է իրականացվել՝ սոսկ Ադրբեջանում առկա բազմաթիվ ներպետական խնդիրներից շեղելու համար»:

  • Կիսվել: