Նպատակը արքունական կյանքի մասին ինձ մանրամասներ հաղորդող թելի ծայրը բռնելն է. Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ իր՝ երեկ ՀՔԾ հրավիրվելուն և ասաց, որ ՀՔԾ քննիչ Լեռնիկ Ստեփանյանը կատարել է ապօրինություն և, օրենսդրությամբ նախատեսված իր գործառույթները գերազանցելով, «կոնսպեկտել» իր ցուցմունքը:
Ըստ Սամսոնյանի՝ նպատակն այն էր, որ ինքը հրաժարվեր ցուցմունք տալուց: Դա, նրա խոսքվո, քննիչին չի հաջողվել, որովհետև ինքը, այնուամենայնիվ, ցուցմունք տվել է, իսկ քննիչը պարտավոր էր իր ցուցմունքը բառացի արձանագրել:
Նարեկ Սամսոնյանը վստահ է, որ իր գրած ցուցմունքը նենգափոխվել է։ Նա նշեց.
«Քննիչնը ՀՔԾ-ի կողմից արձանագրեց քաղաքական ակնհայտ հետապնդումը՝ ասելով, որ նրանց բացառապես հետաքրքում է, թե ով է իմ աղբյուրը, և ես այն պետք է բացահայտեմ։ Սա բառիս բուն իմաստով խոսքի ազատության դեմ ուղղակի արշավ է։ Ես նաև լրատվամիջոցի ղեկավար եմ և իրավունք ունեմ աղբյուր չբացահայտելու։ Աղբյուրի բացահայտման մասին խոսք լինել չի կարող, որովհետև այս իշխանության պայմաններում որևէ աղբյուրի բացահայտում՝ նշանակում է քաղաքական ուղղակի հարվածի տակ դնել այդ աղբյուրին»։
Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ՊԵԿ-ի միջոցով տնտեսվարողի նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ իր ֆեյսբուքյան գրառման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննության, որն իրականացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի խստիվ պահպանմամբ:
ՀՔԾ-ից հայտնել էին, որ Ն. Սամսոնյանն ընդամենը խուսափել է իրեն ուղղված հարցադրումներին պատասխանելու` վկայի դատավարական պարտականությունները կատարելուց, մինչդեռ հարցաքննությունից հետո Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, իբրև թե ՀՔԾ-ն համաձայնել էր իր հրապարակման հետ՝ վարչապետի կողմից 3000 դոլարով սև խավիար ձեռք բերելու վերաբերյալ:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Սամսոնյանը հայտարարել էր, իբրև վարչապետի ընտանիքը ամեն ամիս երևանյան ռեստորաններից մեկում կիլոգրամը 3000 դոլարով սև խավիար է ձեռք բերում: