չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. Իվետա Տոնոյան

Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. Իվետա Տոնոյան

Կառավարության կազմի 100 տոկոսի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը այլևս հրամայական է։ Այս մասին այսօր ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Հենց այդ մասին են վկայում երկրի բարձրագույն իշխանության կողմից քաղաքական ընդդիմախոսների հանդեպ սանձազերված քաղաքական հետապնդումները»,,- նշեց պատգամավորը։ 

Մեկնաբանելով Ծառուկայի կալանավորման մասին դատարանի որոշումը՝ Տոնոյանն այն քաղաքական պատվեր համարեց։

«Մեզ համար առավել քան հստակ է, որ սա քաղաքական պատվեր է։ Պարոն Ծառուկյանի ոգին ամուր է։ Ինքն իր թիմակիցներին հորդորեց նույն սկզբունքներով շարունակել առաջնորդվել։ Փաստաբաններն ասել են, որ այդպես էլ որեւէ հիմնավորում դատարանը չի կարողացել ներկայացնել, որ այս ամիսների ընթացքում պարոն Ծառուկյանը փորձի որեւէ կերպ խոչընդոտել քննության ընթացքին։ Հստահաբար, պարոն Ծառուկյանը նման քայլ չէր անելու, սակայն քանի որ մենք գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ, դատարանը բացարձակապես թքաց է ունեցել թե արդարադատության սկզբունքների եւ թե այն հիմնական գաղափարների իրագործմանը, որին ինքը միտված է։ Նրանք այդ պտուղները չեն մարսելու. ես իրենց խոստանում եմ։ Իրենց ամբիացիաները, իրենց մանկության չկատարված երազանքները, իրենց անլիարժեքության կոմպլեքսները բավարարելու համար, իրենց անհավասարակշիռ պահվածքով ընունակ են ամեն քայլի»,- ասաց Տոնոյանը։

Տոնոյանը նաև նշեց, որ իրենց  հետագա անելիքների մասին կհայտնեն վաղը։

«Իսկ այսօր մենք շնորհակալություն ենք հայտնում բոլորին: Բոլորն այսօր կգնան տուն: Վաղն արդեն հայտարարություն կանենք, կհայտնենք մեր անելիքների մասին»,- իր խոսքը եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ դատարանը քիչ առաջ որոշեց 2 ամսով կալանավորել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Նրա փաստաբանները որոշումը որակեցին անօրինական ու անհիմ, նաև նշեցին, որ բողոքարկելու են։

  • Կիսվել: