Ներքին Կարմիրաղբյուրում մանկական պուրակ կկառուցվի. Կառավարությունը միջոցներ տրամադրեց
Կառավարության այսօրվա նիստին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու մասին հարցը, որով նախատեսվում է Տավուշի մարզպետարանին տրամադրել 234 միլիոն 228 հազար դրամ, որից Բերդ համայնքի Չինարի գյուղում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների համար՝ 29.7 միլիոն, Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» մանկական պուրակի կառուցման աշխատանքների համար՝ 42.8 միլիոն դրամ և 89 տների վերականգնման աշխատանքների իրականացման համար՝ 161.6 միլիոն դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ նախորդ նիստին, երբ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշում էր, թե խնդիրներ կան հողատարածքի օտարման հետ, լուծվե՞լ են, թե՞ ոչ:
«Ձեր հանձնարարությունից անմիջապես հետո մենք քննարկումներ ենք ունեցել, խնդիրները լուծված են, մեկ հողամասի ձևակերպումն ավարտված է, մյուսը ավարտման փուլում է: Որոշումը ընդունելուն պես անմիջապես կձեռնարկենք շինարարական աշխատանքները և մինչև տարվա վերջ ավարտին կհասցնենք պուրակի շինարարական աշխատանքները»,- նշեց Ղուլարյանը: