կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ կամ պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան

Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ կամ պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան

Տվյալ դեպքում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե Ներքին Հանդում ՌԴ սահմանապահ զորքերը ի՞նչ պայմանագրի հիման վրա են տեղակայված և ի՞նչ պատասխանատվություն ունեն։

Պատգամավորն իր հարցում նշեց, որ վերջին ռազմական միջադեպից հետո ՀՀ իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես՝ Ալեն Սիմոնյանը, հայտարարել է, որ Ներքին Հանդի հատվածը հանդիսանում է ՌԴ պատասխանատվության գոտի, իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, թե ՌԴ-ն չկարողացավ կանխել արյունալի բախումը Ներքին Հանդում, ավելին՝ ՌԴ-ն թույլ չի տվել ԵՄ դիտորդական առաքելության մուտքը ՀՀ սուվերեն տարածք։

«Այսինքն՝ կառավարությունը ՌԴ-ին և ԵՄ-ին կանգնեցնում է այնտեղ, մեջտեղից դուրս է գալիս և ասում՝ իրար հետ պայմանավորվեք, իսկ պետությունն այստեղ գործառույթ ունի՞, թե՞ չունի։ Կառավարությունը այստեղ որտե՞ղ է, պետությունը կա՞, թե՞ չկա։ Միայն Ներքին Հանդով կարելի է հասկանալ, թե ինչպես է այս կառավարությունն աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բախումը բերում, հասցնում մեր երկրի տարածք»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց. «Որեւէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է: Շատ իրադրություններ կան, որոնք ՀՀ-Ադրբեջան սահմանին գուցե սպոնտան են ձևավորվել՝ հայտնի իրադարություների բերումով»։

«Սա նշանակում է, որ ռուս սահմանապահները այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել։ Ենթադրվում է, որ սրանից պետք է արվի համապատասխան ենթադրություն»,-ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: