Նախարարը` ԱԱԾ-ի կողմից Զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի 9 աշխատակցի ձերբակալելու մասին
Մեսրոպ Առաքելյանը հայտնում է Զբաղվածության պետական գործակալությունն ամբողջովին բարեփոխելու աշխատանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից Զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի 9 աշխատակցի ձերբակալելու լուրին։ Նախարարը լուրին անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։
«Ցավում եմ, որ պետական համակարգում դեռևս կան պետական ծառայողներ, ովքեր չեն գիտակցում քաղաքացու հանդեպ իրենց բացառիկ առաքելությունը։ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի 9 աշխատակցի՝ այդ թվում նաև տնօրենին։
Չարաշահումներն ստանալու են իրենց իրավական գնահատականը․ դրանց հանդեպ իրավապահ մարմինների արձագանքը կա ու լինելու է ծայրահեղ խիստ։
Զբաղվածության պետական գործակալությունն այսօր, ցավոք, չի իրականացնում իր առաքելությունն այն ծավալով, որը համարվում է մեր նպատակը։ Միևնույն ժամանակ, նախարարությունն այն ամբողջովին բարեփոխելու և զբաղվածության ծրագրերն առաջիկայում օպտիմալացնելու աշխատանքներ է տանում։
Նախատեսվող փոփոխություններից հետո կբարելավվի աշխատանք փնտրող մարդու և գործատուների արդյունավետ կապը՝ նվազեցնելով սուբյեկտիվ և վարչարարական ռիսկերը։
Միասնական սոցիալական ծառայության ստեղծման շրջանակում՝ զբաղվածության ծրագրերը դառնալու են աղքատության հաղթահարման լավագույն գործիքը»,- գրել է նախարարը։