Նախագահը սահմանդրության գարանտը չէ և համապատասխան գործիքներ էլ չունի դրա համար. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահը չպետք է որևէ ձևով միջամտի ոչ գործադիր, ոչ օրենսդիր, ոչ էլ դատական իշխանության գործունեությանը: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Մեդիամաքսին, «Շանթ» հեռուստաընկերությանը եւ «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ համագործակցել, խորհուրդ տալ պետք է, սակայն միջամտություն չի կարելի. «Սահմանադրությունը չի ենթադրում, որ նախագահը պետք է մեկնաբանի»:
Նախագահը նշել է, որ Հայաստանում Սահմանադրության և Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարծիք ունի, սակայն, ցավոք, չի կարող արտահայտել. «Իմ արտահայտվելու գործիքները բավականին սահմանափակ են: Այդ սահմանափակության սահմաններում պետք է աշխատեմ: Սա չի նշանակում, որ նախագահը պետք է ավելի մեծ քաղաքական ուժ, լիազորություններ ունենա: Մենք անցել ենք խորհրդանական համակարգի, դրա համար իրականում որքան քիչ, այդքան՝ լավ: Այսինքն, նախագահական ինստիտուտը պետք է լինի այնտեղ, որտեղ պետք է լինի: Իհարկե նախագահական ինստիտուտը պետք է ազատություն ունենա ներգրավվելու այն ժամանակ, երբ գտնում է, որ սահմանադրություն է խախտվում: Նախագահը պետք է հետևի սահմանադրությանը, նա սահմանդրության գարանտը չէ, համապատասխան գործիքներ էլ չունի դրա համար:
Բայց նախագահը պատասխանատու է ոչ միայն սահմանադրությանը, այլ նաև պետությանը հետևելու հարցում, որովհետև ցանկացած որոշում ընդունելիս նախագահ զուտ իրավական տեսանկյունից չպետք է նայի՝ արդյո՞ք այս օրենքը համապատասխանում է Սահամանդրությանը, թե՝ ոչ: Պետք է ավելի լայն նայի՝ արդյո՞ք տվյալ օրենքը, գործողությունը, որոշումն ինչպիսի ազդեցություն է ունենալու մեր հանրության, պետության, ազգային շահերի և հետաքրքրությունների վրա»:
Արմեն Սարգսյանի խոսքերով, շատ հաճախ կարող է այնպես լինել, որ խոսքը լինի մի երևույթի մասին, որը արտաքուստ հակասահմանադրական չթվա, սակայն ունենա շատ մեծ ազդեցություն անվտանգության, գյուղատնտեսության զարգացման, նույնիսկ բարոյական կամ եկեղեցու հետ հարաբերությունների հարցերում.
«Ես հաճախ եմ նախագահի ինստիտուտի հարցը քննարկում իմ գործընկերների հետ: Նախագահը սահմանադրության, օրենքների մեկնաբանը չէ, նա ավելի մեծ պորտֆել ունի: Նախագահի հիմնական գործիքը խոսքն ու որոշ դեպքերում՝ ստորագրությունը: Սա բավականին կարևոր խնդիր է հասկանալու համար: Մի պարզ օրինակ բերեմ, ենթադրենք նախագահական է եկել մի օրենք, որն արտաքուստ չի հակասում սահմանադրությանը: Այդ դեպքում նախագահը ընտրության երկու հնարավորություն ունի՝ կամ ստորագրում է, կամ չի ստորագրում և որոշակի ժամանակ անց Ազգային ժողովի կողմից այն կյանքի է կոչվում: Բայց նախագահը կարող է խորը գիտակցում ունենալ, որ տվյալ օրենքը, չհակասելով սահմանադրությանը, կարող է վնասակար դեր ունենալ այս կամ այն խնդիրը լուծելու հարցում: Նախագահը պետք է որոշում ընդունի: Որոշ երկրներում նախագահը վետոյի իրավունք ունի, ինչը պետք է պատճառաբանված լինի: Այլ երկրներում նախագահն իրավունք ունի օրենքը վերադարձնելու ԱԺ՝ հայտարարելով, որ այն չի հակասում սահմանադրությանը, սակայն ինքը գտնում է, որ այն վնասակար է լինելու այս կամ այն հարցում: Մեր կյանքն ավելի բարդ է, քան՝ օրենքները: Իհարկե, սահմանադրությունն այն կարմիր գծերն է, որը մենք չպետք է անցնենք, բայց այդ կարմիր գծերի ներսում կայնքը եռում է»: