երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«Մտովի ցեղասպանությունից մազապուրծ եղածների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը». Մակրոնը նամակ է հղել ՀՀ նախագահին

«Մտովի ցեղասպանությունից մազապուրծ եղածների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը». Մակրոնը նամակ է հղել ՀՀ նախագահին

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:

«Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների և փախստականների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը: Մենք երբևէ չենք մոռանա»,- նամակում նշել է Մակրոնը:

Նամակն ամբողջությամբ՝ ստորև.

 

«Պարոն Նախագահ,

Թանկագին Արմեն,

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին իմ բոլոր մտքերն ուղղված են պատմության զրկանքները կրած Հայաստանին։

Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների և փախստականների հետ եմ, որոնց ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը։ Մենք երբևէ չենք մոռանա։

Կցանկանայի հույզերով և արժանապատվությամբ լի այս օրը լինել ձեզ հետ: Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար պարոն Ժան-Բատիստ Լըմուանին խնդրել եմ ինձ ներկայացնել Երևանում Ցեղասպանության ոգեկոչման արարողությունների ընթացքում։

Ինչպես և հանձն էի առել, 2019 թվականից ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես ճանաչվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ֆրանսիայում ամենուր, ի հեճուկս համավարակով պայմանավորված սահմանափակումների, կնշվի մեր հանրապետական օրացույցում ընդգրկված այդ օրը։ Այս ապրիլի 24-ին, առավել, քան ցանկացած մեկ այլ օր մեր երկու ժողովուրդները համախմբված են նույն հիշատակի շուրջ։

Ճշմարտությունն ընդունելով՝ անցյալը հիշելը, հարգանքի տուրքը հանգուցյալներին և ապրողների հիշողությունը հարգելը մեր պարտքն է՝ կանխելու մոռացումը, ժխտումը, սուտը: Պատմության ընթացքում ձեր կողքին հանձնառու լինելով՝ մենք ապագայի հանդեպ հանձնառու ենք նաև այսժամ, երբ Ձեր երկիրն անցավ տարածաշրջանը պատուհասած մահաբեր հակամարտության միջով, որտեղ չափազանց շատ արյուն է հեղվել։ Պետք է կերտել նոր՝ խաղաղության, բարգավաճման և հաշտության էջ։Հանուն արդարության և ճշմարտության պայքարը, որ ձեզ հետ միասին մղել է և կշարունակի մղել Ֆրանսիան, չի դադարի, քանզի այն միայն հայերի պայքարը չէ։ Այն Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության սկզբունքի հիմքում է։

Տխրության, բայց նաև հույսի այս օրը, երբ միասին հիշում ենք մարտիրոսված ժողովրդի սոսկալի տառապանքները, Ֆրանսիային և Հայաստանին միավորում են բարեկամությունը և եղբայրությունը։ Հաճեցեք ընդունել, պարոն Նախագահ, հարգանացս գերագույն հավաստիքը»:

  • Կիսվել: