կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մոսկվան վստահ է, որ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները կկարգավորվեն. ՌԴ ԱԳ փոխնախարար

Մոսկվան վստահ է, որ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները կկարգավորվեն. ՌԴ ԱԳ փոխնախարար

Մոսկվան վստահ է, որ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները կկարգավորվեն։ Այս մասին  լրագրողների հետ զրուցյում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք միանգամայն վստահ ենք, որ Հայաստանում և Ադրբեջանում քաղաքական գործիչները խելամիտ և պատասխանատու են մոտենում այն ​​դիրքորոշմանը, որը Ռուսաստանը առաջ է քաշում բոլոր փուլերում: Կարծում եմ, որ մեր ջանքերը կբերեն ցանկալի արդյունքի, և նրանք կհասնեն կարգավորման՛՛։

Ըստ Ռյաբկովի՝ ռուսական կողմը, ի տարբերություն Արևմուտքի, Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունում փնտրում է միայն ՛՛կայուն կարգավորման բանաձև՛՛ և աշխատում է երկու կողմերի համար հասկանալի օրակարգով։ ՛՛Մենք չէինք ցանկանա, որ մեր առաջարկներում որևէ մեկը տեսներ աշխարհաքաղաքական մրցակցության տարր, այսպես կոչված, հավաքական Արևմուտքի հետ՛՛,-նշել է նա:

Բացի այդ՝ Ռյաբկովը նաև հավելել է, որ պատրաստ են օգնել կողմերին գտնելու այն կետը, որտեղ շահերը մոտենում են, և որտեղ արդյունքը կարող է լինել համաձայնագրի տեսքով։

Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Ռյաբկովն ընդգծել է, որ Ռուսաստանն արել և անելու է հնարավոր ամեն ինչ՝ ճգնաժամի հումանիտար հետևանքները նվազագույնի հասցնելու համար։ ՛՛Հնարավորություններն անսահմանափակ չեն, ռեսուրսները պետք է բաշխվեն ըստ առաջնահերթությունների, բայց այս թեման մեր տեսադաշտում է, մենք դրանով կզբաղվենք՛՛,-վստահեցրել է նա:

  • Կիսվել: