շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Միրզոյանը Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահին է ներկայացրել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները

Միրզոյանը Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահին է ներկայացրել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Նատալի Օլիվեյրայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Քաղաքական երկխոսությանը զուգահեռ կարևորվել են տնտեսական, առևտրային, կրթական, մշակութային ոլորտներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարները:

Զրուցակցիներն ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ օրակարգի առաջմղման գործում՝ այս համատեքստում կարևորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցությունը, փոխայցերն ու հնարավոր նախաձեռնությունները:

Հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական լայնածավալ բարեփոխումների օրակարգն ու այս ուղղությամբ հաստատված արդյունավետ համագործակցությունն ու առաջընթացը:

Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ հայկական կողմի տեսլականը, ինչպես նաև Ադրբեջանի կողից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները:

Ընդգծվել է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրներին լուծումներ տալու Ադրբեջանի քաղաքականության անընդունելիությունը, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներով ամրագրված՝ Լաչինի միջանցքի բացման հրամայականը:

 

  • Կիսվել: