Միրզոյանը չի բացառել Ադրբեջանի հետ անկլավների փոխանակումը
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չի բացառել Ադրբեջանի հետ նախկին անկլավների փոխանակման հնարավորությունը: Այս մասին նա ասուլիսի ժամանակ ասաց` պատասխանելով հարցին։ Միրզոյանը վերահաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկինում արված հայտարարությունը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմագրի ստորագրումից հետո անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով, որ սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն, բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն։
«Այո՛, տարբեր հնարավորություններ կան, որոնք քննարկվում են, և մենք խորությամբ քննարկում ենք Ադրբեջանի հետ։ Երկու երկրների ներկայացուցիչների կողմից էլ կա կառուցողական մոտեցում այս հարցում։ Չեմ ուզում կանխորոշել որևէ պայմանավորվածություն»,– ասաց Միրզոյանը։
Նա չբացառեց, որ անկլավների փոխանակումը հնարավոր լուծումներից մեկն է, օրինակ` Տիգրանաշենը մնա ՀՀ սուվերեն տարածքում, իսկ հայկական Արծվաշենը` Ադրբեջանի։ Միևնույն ժամանակ նախարարը շեշտեց, որ քննարկման առարկա կարող են լինել նաև այլ տարբերակներ։
«Ձեր ասածը, այո՛, լուծումներից մեկն է, որ կարող է մեկը մնալ մյուսին, մյուսը՝ մյուսին, կամ փոխանակվեն։ Կարող են ուրիշ տարբերակներ էլ լինել տեսականորեն, օրինակ՝ սահմանին միմյանց համարժեք տարածքներ տրամադրվեն»,– մանրամասնեց նախարարը։
Միրզոյանը միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի ցանկացած փոփոխություն պետք է դրվի համաժողովրդական քվեարկության։
«Եթե Հայաստանի ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքից որևէ բան պետք է փոխանցվի այլ պետության, և դրա դիմաց որևէ բան ստացվի, այսինքն՝ տարածքի փոփոխություն տեղի ունենա, գիտեք՝ սա համաժողովրդական քվեարկություն ենթադրող հարց է։ Եվ այդպես էլ կլինի, սրանից հնարավոր չէ խուսափել»,– ընդգծեց Միրզոյանը։
ՀՀ արտաքին քաղաքալանության գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ ներկայացված տարբերակները դեռևս տեսական են։
Նշենք, որ հոկտեմբերի 13-ին էլ է Փաշինյանը խոսել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի մասին՝ նշելով, որ Հայաստանն առաջիկայում պետք է կենտրոնանա այն ստորագրելու և վավերացնելու վրա:
Հավելենք, որ Ադրբեջանը դեռ չի ազատել 2022–ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից օկուպացված հատվածները:



