կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Միրզոյանն ու Անալենա Բերբոքը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Միրզոյանն ու Անալենա Բերբոքը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Փետրվարի 28-ին Բեռլինում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ: Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ ԱԳՆ-ից:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և նույն օրը Բեռլինում երկու երկրների նախարարների մասնակցությամբ անցկացվող քննարկումների ընթացքին։

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները, որոնք արտացոլված են նաև 2023 թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի, իսկ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա իրականացնելու մասով:

  • Կիսվել: