հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Մինչև որքան արժեքի ու քաշի ապրանք կարող եք ներմուծել անձնական օգտագործման համար՝ առանց մաքսատուրքերի և հարկերի

Մինչև որքան արժեքի ու քաշի ապրանք կարող եք ներմուծել անձնական օգտագործման համար՝ առանց մաքսատուրքերի և հարկերի

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար գործում է արտոնություն։

Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի  2017 թվականի 20 դեկտեմբերի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 107 որոշման համաձայն՝ անձնական օգտագործման ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքեր և հարկեր չեն գանձվում, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 31 կգ-ը։ 

Արժեքը կամ քաշը գերազանցելու դեպքում վճարվում է գերազանցող արժեքի 15 տոկոսը, բայց ոչ պակաս քան գերազանցող յուրաքանչյուր 1 կգ-ի համար 2 եվրո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ՝ միջազգային փոստային առաքանիներով անձնական օգտագործման ապրանքների ներմուծման դեպքում՝ սահմանված է արգելված ապրանքների ցանկ։  Արգելված ապրանքներ են համարվում թմրանյութերը և հոգեմետ նյութերը, կեղծ կամ կեղծված իրերը, փոստային աշխատողների համար վտանգ ներկայացնող, փոստային սարքավորումներն աղտոտող կամ վնասող իրերը, վտանգավոր ապրանքները, ռադիոակտիվ, պայթուցիկ նյութերը, զինամթերքը, մետաղադրամներն ու բանկային թղթադրամները, ինչպես նաև կենդանիները։ 

  • Կիսվել: