հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մինչև օգոստոս այս խորհրդարանը իրավական ուժ կունենա. ժամկետներ արտահերթ ընտրություններից առաջ. «Ժողովուրդ»

Մինչև օգոստոս այս խորհրդարանը իրավական ուժ կունենա. ժամկետներ արտահերթ ընտրություններից առաջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկա օրերին Հայաստանում կվերացվի ռազմական դրությունը: Դա անհրաժեշտ է առաջին հերթին հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար: Բանն այն է, որ Ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածը սահմանում է. «Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվում: Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են ընտրություններ»:

 

Իսկ Սահմանադրության հոդված 119-ն էլ սահմանում է. «Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել ռազմական դրությունը կամ չեղյալ հայտարարել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը»: Միեւնույն ժամանակ, ռազմական դրությունը կարող է վերացվել հենց կառավարության որոշմամբ: Իսկ հիմա խոսենք ընտրությունների հետ կապված այլ ժամկետների մասին. Սահմանադրության 90-րդ հոդվածը սահմանում է. «Արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, եւ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին»:

Այսինքն՝ մինչեւ օգոստոս այս խորհրդարանը դեռ իրավական ուժ կունենա: Հոդված 158-ն էլ սահմանում է, թե որքան ժամանակ դեռ կառավարության անդամները կմնան։ «Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր Կառավարության կազմավորումը»: Այսինքն՝ կառավարությունը հրաժարական է ներկայացնելու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ, եւ ՀՀ ընտրական օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 45 օր հետո: Այս ժամկետին գումարվում է 14 օր՝ վարչապետի երկու անգամ չընտրվելու ժամկետը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: