կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մինչ աշխարհը պայքարում էր համավարակի դեմ, Արցախում երեխաները թաքնվում էին ապաստարաններում. Հայրապետյան

Մինչ աշխարհը պայքարում էր համավարակի դեմ, Արցախում երեխաները թաքնվում էին ապաստարաններում. Հայրապետյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիային և դրա հետևանքներին: 

«Մինչ աշխարհը պայքարում էր համավարակի դեմ, Արցախում երեխաները թաքնվում էին ապաստարաններում: Նրանցից մեկը՝ 8-ամյա Մերին, նշում է. «Բախտներս բերեց, որ կիրակի էր, թե չէ որ գնայինք դպրոց, շատ վատ կլիներ..., քանի որ եթե դպրոց գնացած լինեինք, դժվար թե կենդանի մնայինք...»: Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, որն ակնհայտ աջակցություն էր ստացել Թուրքիայի կողմից, բազմաթիվ վիրավորներ բժշկական օգնության կարիք ունեին, ինչի հետևանքով Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերը հայտնվեցին աննախադեպ ճնշման տակ»,- ասել է Հայրապետյանը:

Հայրապետյանի խոսքով՝ սա հարկադրեց COVID-19-ի բուժման հարցով մասնագիտացված կենտրոններին վերափոխվել և հարմարվել նոր իրավիճակին: 

«150000 բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղում, մինչև Ադրբեջանի հարձակումը, քովիդով 300 հիվանդ էր բուժում ստանում, սակայն բազմաթիվ ավերածությունների և տեղահանության հետևանքով անհնար դարձավ հետագայում վիճակագրություն ունենալ համավարակի վերաբերյալ: Բացի այդ, բազմաթիվ մարդկանց առկայությունն ապաստարաններում համավարակի տարածումը դարձրեց անկառավարելի: Ժնևի կոնվենցիաներին կից 1-ին Արձանագրություն  77-րդ պարբերության համաձայն՝ «Երեխաներն օգտվում են հատուկ հարգանքից, և ապահովվում է նրանց պաշտպանությունը ամեն կարգի անվայելուչ ոտնձգություններից...», սակայն դա ընդհանրապես կիրառություն չունեցավ Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ժամանակ»,- ասել է Հայրապետյանը:

Հայրապետյանը նշել է, որ պատերազմի հետևանքով երեխաները տուժել են ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես: 

«Նրանցից շատերը կորցրել են իրենց ծնողներին, իրենց տունը, նորմալ կյանքը և հարկադրված էին նայել մահվան աչքերին: Ներկայացնեմ մի կարճ վիճակագրություն. ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում 71 դպրոց և 14 մանկապարտեզ ավերվել են: Համավարակով ուղեկցվող ագրեսիայի հետևանքով ավելի քան 8000 աշակերտ զրկվել է կրթություն ստանալու իրավունքից: Այսպիսով, համավարակով ուղեկցվող ագրեսիան կործանել է Արցախում և Հայաստանում ապրող բազմաթիվ երեխաների կյանքեր՝ ստեղծելով բազմաթիվ առողջական և հոգեբանական խնդիրներ ամբողջ կյանքի համար»,- ասել է Հայրապետյանը: 

Ամփոփելով՝ Հայրապետյանը շեշտել է, որ մինչ միջազգային ամբողջ հանրությունը կոչ էր անում պայքարել համավարակի դեմ, Արցախում մարդիկ հարկադրված էին պայքարել ադրբեջանական ագրեսիայի դեմ: 

  • Կիսվել: