շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Միասին» շարժումը փետրվարի 29-ին հանրահավաք կանցկացնի Փաշինյանի հրաժարականի պահանջով

«Միասին» շարժումը փետրվարի 29-ին հանրահավաք կանցկացնի Փաշինյանի հրաժարականի պահանջով

«Միասին» շարժումը փետրվարի 29-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Ազատության հրապարակում լայնածավալ հանրահավաք կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործող իշխանության հրաժարականի պահանջով:
 
Այս մասին հայտնել է «Միասին» շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
 
«Մենք կներկայացնենք մեր քաղաքական օրակարգը, բանակցային գործընթացի որոշ արդյունքներ, ինչպես նաև ապագա կառավարման համակարգի վերաբերյալ մեր տեսլականը», - ասաց Սարգսյանը:
 
Նրա խոսքով ՝ այս տարիների ընթացքում գործող կառավարման համակարգը ծնել է հասարակության բևեռացում, սոցիալական անարդարություն, սնապարծություն։ Նա նաև ընդգծեց, որ ակցիայի կազմակերպիչները հաշվի են առնում, որ հասարակության մեջ տարբեր կարծիքներ կան:
 
Բանախոսը նշել է, որ կներկայացվեն նաև 100 պատճառ, թե ինչու են պահանջում կառավարության ղեկավարի հրաժարականը։
 
«Մենք կներկայացնենք, թե ինչու հենց այսօր Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից. Ամեն օրվա նրա գործունեությունը, եթե նկատում եք, բերում է այն համոզման, որ նա սուր է  կապել բոլորիս գլխավերևում»,-ասաց Արամ Գ. Սարգսյանը։

 

Նրա խոսքով, հնարավոր չէ պատկերացնել մի պետություն, որի ղեկավարն առաջնորդվում է մեկ այլ պետության գաղտնի ծառայությունների երաշխավորություններով կամ հանձնարարություններով։

«Ես իրավունք ունեմ նման բան ասել, քանի որ այդ անձը՝ Նիկոլ Փաշինյանը Մյունխենից վերադառնալուց հետո հանդես չի եկել հաշվետվությամբ ու չի ասել, թե ինչ գործ ուներ վարչապետը կամ պետությունը կառավոող ուժի առաջնորդը գաղտնի ծառայության ղեկավարի հետ հանդիպում անցկացներ Մյունխենում»,-ասաց բանախոսը՝ հորդորելով խորհրդարանական ընդդիմությանը հարցում անել, թե ինչ է պայմանավորվել Փաշինյանը Մյունխենում։

Արամ Գասպարյանը մտահոգություն հայտնեց նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ. «Ես չգիտեմ, թե ով է նրանց երկու թևի տակ ձմերուկ դրել, որ այսպես հոխորտում են։ Ես ուզում եմ իմանալ, նրանք հաշվարկե՞լ են բոլոր վտանգները, որոնք կախված են պետության ու հայրենիքի գլխին։ Այս ամենը հաշվի առնելով՝ մենք ասում ենք, որ եթե այս իշխանությունը մի օր ավել մնա, նոր արհավիրք է բերելու։ Մեզ անհրաժեշտ է ժողովրդի աջակցությունն այդ քայլն իրականացնելու համար, առավել ևս մենք ունենք վճռականություն ու բանակցային պայմանավորվածություններ։ Անհրաժեշտ է  հենց ամսի 29-ին գալ հրապարակ»,-ասաց նա։

  • Կիսվել: