Միացյալ Թագավորության պատգամավորները նամակ են հղել ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբին՝ Ադրբեջանի սադրանքների մասին. Մակունց
Միացյալ Թագավորության Պառլամենտի ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի պատգամավորները, ի դեմս ղեկավար Թիմ Լաթընի, նամակ են հղել ՄԹ Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին՝ անելով կարևոր շեշտադրումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Նամակում մասնավորապես նշվում է ադրբեջանական կողմի սադրանքների մասին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այդ գործողությունները տեղի են ունեցել Հայաստանի Հարապետության սուվերեն տարածքում:
Պատգամավորները նամակում մտահոգիչ են համարում ինչպես Ադրբեջանի պաշտպանության նախարարության Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու վերաբերյալ հայտարարությունը, այնպես էլ Հայաստանի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելը:
ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի անունից շնորհակալություն եմ հայտնում մեր բրիտանացի գործընկերներին՝ ի դեմս Թիմ Լաթընի, ինչպես նաև Հայդատի մեր հայրենակիցներին ի դեմս Անեթ Մոսկոֆյանի իրենց ջանքերի համար: Շնորհակալություն նաև ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին՝ մեր կողմից տրամադրված տեղեկատվությունն օպերատիվ կերպով բրիտանացի գործընկերներին փոխանցելու համար»,- գրել է Մակունցը։


