Մեզ համար կարևոր է, որ Հայաստանն իրեն անվտանգ զգա. Կոպիրկին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ կոպիրկինը մեկնաբանել է Ուկրաինայում իրավիճակի սրման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր լարվածության հարցը։
Նա ՛՛Արմենպրեսի՛՛ հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն իրենց անվտանգ զգան։
՛՛Դրա երաշխիքը մեր դաշնակցային հարաբերություններն են, դրանց խորացմանն ու ամրապնդմանն ուղղված ուղեծիրը, որ բռնել են մեր երկրները՛՛,–ասել է դեսպանը։
Նա մեկնաբանել է Ուկրաինայում իրավիճակի սրացման ֆոնին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հնարավոր սադրանքների հարցը և աաել, որ Ռուսաստանի համար թանկ են երկու երկրների հետ հարաբերությունները, և ՌԴ-ն դրանք դիտարկում է որպես տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման կարևոր գործոն, քանի որ դրանք Ռուսաստանին թույլ են տալիս միջնորդական դեր ունենալ եղած և առաջացող խնդիրների կարգավորման գործում:
Կոպիրկինը, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք այս գործոնն օգտագործում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ակտիվ ջանքերում, ներառյալ սահմանային խնդիրների կարգավորումը, տարածաշրջանի խաղաղ և անվտանգ զարգացման համար պայմանների ստեղծումը։ Իհարկե, շատ կարևոր է, որ այդ ջանքերն ամրապնդվեն 2 կողմերի քաղաքական կամքով, նրանց համար ընդունելի լուծումներ և պայմանավորվածություններ գտնելու պատրաստակամությամբ։ Մենք Երևանի և Բաքվի հետ ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ՛՛