կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեծ յոթնյակը նոր նախագիծ է սկսում․ այլընտրանք Հայաստանի համար

Մեծ յոթնյակը նոր նախագիծ է սկսում․ այլընտրանք Հայաստանի համար

Մեծ յոթնյակի (G7) երկրները, որոնք հավաքվել են անգլիական Քոռնուոլում հերթական վեհաժողովին, պատրաստվում են հայտարարել նոր գլոբալ նախագծի մասին, որը պետք է հակակշիռ դառնա չինական բազմատրիլիոն «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, հայտնել է ԱՄՆ վարչակազմի անանուն ներկայացուցիչը։

Ինչպես գրում է Դոյչե վելլեն, պաշտոնյան չի մանրամասնել, թե որ ֆինանսական աղբյուրներից է սնվելու Build Back Better for the World նախաձեռնությունը, որի շրջանակներում նախատեսվում է հարյուրավոր միլիարդներ ներգրավել։

Չինական BRI նախագծի շրջանակներում Պեկինը 100-ից ավելի պետությունների հետ պայմանագրեր է ստորագրել երկաթուղիների, ավտոճանապարհների, կամուրջների եւ այլ ենթակառուցվածքների կառուցման վերաբերյալ։ Սակայն BRI օպոնենտները կարծում են, որ Չինաստանի հետ պայմանագրեր ստորագրած երկրները դրանով կախվածության մեջ են ընկնում Պեկինից։

Բաքվի պաշտոնյաներն ու փորձագետները պնդում են, որ «Զանգեզուրի միջանցքը», որը Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են բացել Հայաստանի ինքնիշխանության հաշվին, պետք է չինական մեծ նախագծի մաս դառնա։ Հնարավոր է, հենց այդ հաշվարկով է Չինաստանը 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ռուսաստանի խնդրանքով վետո դրել Արցախի պատերազմը կանգնեցնելու եւ միջազգային խաղաղապահներ մտցնելու մասին որոշմանը, իսկ Թուրքիան էլ խոշոր պրեֆերենցիաներ էր խոստացել Պեկինին։

Հյուսիս-Հարավ նախագիծը, որը պետք է Սեւ ծովը Հայաստանով միացնի Պարսից ծոցի եւ այնտեղից Հնդկաստանի հետ՝ այլընտրանքային ճանապարհ է։ Մոսկվան ու Անկարան ձգտում են խափանել այն, Հայաստանը Իրանից կտրելու եւ Հայաստանի հարավը զավթելու միջոցով։

Ի դեպ, Քոռնուոլի վեհաժողովին հրավիրվել է նաեւ Հնդկաստանը։

  • Կիսվել: