չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մեր ԶՈւ-ն ամենակարևոր պատնեշն է Թուրքիայի ծրագրերի դեմ. թուրքագետ

Մեր ԶՈւ-ն ամենակարևոր պատնեշն է Թուրքիայի ծրագրերի դեմ. թուրքագետ

Ադրբեջանական բանակում իշխում է խուճապը, և մենք այսօր ականատես ենք լինում ինչ-որ բանի հասնելու վերջին փորձերին, իսկ դրանից հետո քաղաքական զարգացումները մեծապես պայմանավորված կլինեն աշխարհաքաղաքական գործոններով: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով, Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողություններում ներգրավվելով՝ Թուրքիան փորձում է իր ազդեցությունն ընդլայնել Հարավային Կովկասում՝ ի հաշիվ Ռուսաստանի: Ըստ թուրքագետի, այս հարցը դիտարկում էին մինչև թուրք-ադրբեջանական ագրեսիայի սկիզբը:

«Հիմա արձանագրում եմ, որ աշխարհի տարբեր վերլուծական կենտրոններ գալիս են այս եզրակացությանը: Դրանից բացի, պետք է հասկանալ, որ Թուրքիան ոչ միայն լուծում է ռազմավարական, այլև մարտավարական խնդիր: Նա շատ լավ հասկանում է, որ պետք է տեղի ունենան բանակցություններ: Ուզում է, որ բանակցային գործընթացն ընթանա միանգամայն այլ ձևաչափով, քան Մինսկի խմբի շրջանակներն են։ Էրդողանի հայտարարությունները, որտեղ նա շատ կոշտ քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, վկայում է այդ մասին»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով, Թուրքիան ձգտում է  ղարաբաղյան հարցի հետ կապված ստեղծել մի նոր բանակցային ձևաչափ, որտեղ միջնորդների դերում հանդես կգան ինքը և Ռուսաստանը: 

Սակայն, Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ սա չի ընդունվի Ռուսաստանի կողմից, բայց այդ,  Հայաստանը ևս դեմ  կլինի դրան։

Թուրքագետը նշեց նաև, եթե ՌԴ-ն կարողանա ճիշտ կողմնորոշվել, վճռականություն ցուցաբերել, ապա Թուրքիային դա չի հաջողվի այս տարածաշրջանում հասնել իր նպատակներին:

«Ես համոզված եմ, որ այս ամենի ապագան որոշվում է հայ զինվորի կողմից: Մեր ԶՈւ-ն, իր վճռականության շնորհիվ, ամենակարևոր պատնեշն է Թուրքիայի ծրագրերի դեմ: Հաղթանակը մերը կլինի»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։

 

  • Կիսվել: