Մեր թեկնածուների վրա որեւէ ազդեցություն չկարողացան ունենալ. Մասիսի համայնքապետի թեկնածու
Մեր ցուցակում ընդգրկված երկու անձի հանդեպ ճնշումներ են եղել, փորձել են մնացածի նկատմամբ էլ ճնշումներ գործադրել, բայց չի ստացվել՝ հոգեբանորեն են փորձում ճնշել, համայնքային ծառայողներին, մարզպետարանից են զանգում։ Այս մասին Մասիս քաղաքում հրավիրված նախընտրական հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի գործող քաղաքապետ, ՛՛Դավիթ Համբարձումյան՛՛ դաշինքի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը՝ անդրադառնալով նախընտրական փուլում ստեղծված իրավիճակին։
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մարզպետարանի մի ներկայացուցչի հետ խոսելիս հարցրի՝ ինչու՞ եք նման բան անում, ասաց՝ մարզպետարանի ենթակայության տակ գործող աշխատողները պետք է մարզպետարանին լսեն, ասացի՝ ցավում եմ, որ մարզպետարանը մինչեւ հիմա չի հասկացել, որ համայնքային ծառայողը մարզպետարանի ենակայության տակ աշխատողը չէ։ Մեր թեկնածուների վրա որեւէ ազդեցություն չկարողացան ունենալ՛՛:
Նշենք, ո Մասիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում պայքարելու է քաղաքական երկու ուժ՝ ՛՛Դավիթ Համբարձումյան՛՛ դաշինքն ու իշխող ՛՛Քաղաքացիական պայմանագիրը՛՛: Իշխող ուժի համամասնական ցուցակը գլխավորում է ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավար Սայեն Հայրապետյանը:
Դավիթ Համբարձումյանը ՀՀԿ անդամ է, որպես պատգամավորության թեկնածու առաջադրված է եղել ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի համամասնական ցուցակով այս տարվա հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ, բայց Մասիսի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է իր անունը կրող դաշինքի ձեւաչափով։


