Մեկ զոհ, ութ վիրավոր. հարձակում Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա
Սաուդյան Արաբիայի Դամամ քաղաքի «Ֆահդ արքա» միջազգային օդանավակայանը նախօրեին՝ հոկտեմբերի 21-ի երեկոյան, ենթարկվել է հարձակման, տեղեկացնում է Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։
Ինչպես հաղորդվում է՝ մեկ մարդ զոհվել է, ևս ութը ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։
Նշենք, որ Սաուդյան Արաբիան գլխավորում է Արաբական կոալիցիան, որը ռազմական աջակցություն է ցուցաբերում Եմենի կառավարական զորքերին հութիների դեմ պայքարում։ Կոալիցիան ավիահարվածներ է հասցնում հութիների դիրքերին, որոնց ի պատասխան՝ շարժումը վերջին շաբաթներին թիրախավորել է Էր Ռիադի «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանը, թագավորության ռազմական օբյեկտները, նավթային ենթակառուցվածքները և ծովային նավագնացությունը։ Այս հարվածները Սաուդյան Արաբիայում հանգեցրել են զոհերի և վիրավորների։



